Եթե ճիշտ աղոթենք
Նկատե՞լ էք աղոթելիս միտքը ոնց է թափառում դես ու դեն: Տեր Հիսուսն ասում է, «երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, ՓԱԿԻ՛Ր ՔՈ ԴՌՆԵՐԸ եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» (Մտ 6:6): Ախ ինչքան դժվար է այդ դռները փակ պահելը: Միլիոնավոր հիշողություններ փորձում են այդ դռները ջարդել ու ներս սողոկսել քո սենյակը, որ քո սիրտն է ու այնտեղ պիտի լինես միայն դու և Աստված: Հայրերն ասում են աղոթքի ժամանակ ամենակարևոր բանը ուշադրությունը պահելն է:
Դժվար է նույնիսկ 3-5 վայրկյան այդպես աղոթել: Ու մարդը լարումից քրտնում է աղոթքի ժամանակ: Սիրելի բարեկամներ, ամեն ջանք թափեք, որ աղոթելիս պահեք ձեր ուշադրությունը: Սա լարում, քրտինք ու տասնամյակների գործ է պահանջում: Հիշում է՞ք Ղուկաս 22:44ում Տերն ինչպես էր աղոթում: Իր քրտինքն ինչպես արյան կաթիլ թափվում էր գետնին: Այսպես է պատահում երբ իսկապես թախանձագին և ուշադրությամբ աղոթում ես: Եթե ճիշտ աղոթես քո հարաբերությունն Աստուծո հետ կփոխվի՝ հետևաբար և քո կյանքի որակը:
Արմեն Հարեյան