Տեխնոլոգիական համալսարան կստեղծվի
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ կառավարության նոր ծրագրում առկա տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը շատ կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար։
Բանախոսը նշեց, որ սովորաբար փոքր երկրները, ունենալով մարդկային ռեսուրս, զարգանում եմ կրթական նոր ծրագրերի շնորհիվ։
Նա նշեց նաեւ, որ համալսարանի ստեղծման սկիզբը 2019-20թթ. կլինի:
«Ստեղծման ծրագիրը մեզ է հանձնարարված: Առաջին անգամ մենք համալսարանի ստեղծման ծրագիրը դեռ 2010-ին ենք ներկայացրել, սակայն, ցավոք, այն ժամանակ թյուր ընկալումներ եղան ակադեմիայի և այլ բուհերի կողմից, մտավախություններ կային, թե այն կարող է էլիտար բուհ դառնալ եւ այլն։ Սա նշանակում էր, որ հասարակությունը դեռ պատրաստ չէր դրան»,- ասաց նա։
Սամվել Հարությունյանը նշեց, որ մտադրություն կա, օգտագործելով Հայաստանի տեխնոլոգիական լուրջ պոտենցիալը, գոնե մեկ հետազոտական-տեխնոլոգիական ոճի համալսարան ստեղծել։
«Դա հնարավոր կլինի իրագործել ակադեմիա-բուհ համագործակցության հիման վրա: Ես անգամ դրա մոտավոր տեղն եմ պատկերացնում, այն կարող է լինել Աշտարակում կամ ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,- նշեց նա։