«ՀԱՊԿ-ը սիրուն 4 տառ է՝ թղթի վրա գրված» (տեսանյութ)
«ՀԱՊԿ-ը սիրուն 4 տառ է՝ թղթի վրա գրված, բուն իմաստով բոլոր երկրներն ունեն իրենց շահերն, ու ամեն մեկն իր շահն է առաջ քաշում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը: Նա հիշեցրեց՝ մենք ունեցել ենք արցախյան պատերազմի ակտիվ շրջան, հետո անցել են գործընթացներ, 2016 թվականին ունեցանք ապրիլյան սրացումներ: «Եվ ինձ թվում է՝ այս դասերը բավարար են հասկանալու, որ այլևս մենակ ենք մնացել: Արձանագրենք, որ զարմանքները ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հայտարարությունների մասին հանենք: ՀԱՊԿ-ը եկել է, զորավարժություն է արել, և խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ ԶՈւ-ը կարողացան նոր գիտելիքներ ձեռք բերել այդ համատեղ զորավարժություններից»,-ընդգծեց նա:
Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ հավելեց, որ պետք չէ ՀԱՊԿ-ը որևէ ձևով համեմատել ՆԱՏՕ-ի հետ, որովհետև վերջինում ինքնիշխան երկրներ են, իսկ ՀԱՊԿ-ը ստեղծել է Ռուսաստանը որպես ոչ թե միասնական մարմին, այլ որպես թելադրող, թեկուզև ԱՄՆ-ն էլ կարող է ՆԱՏՕ-ից դուրս քաղաքականություն տանել:
«ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար Ղազախստանի նախագահի հայտարարություններն ու բարեկամությունը չեն, այլ այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ դա այլընտրանք չունի, իսկ երբ մարդը կամ պետությունը բավարարված են, նա այլ միջոց չի փնտրում, ես ՀՀ իշխանությունների տեղը կդիմեի ՀԱՊԿ-ին՝ այդ պրոցեդուրաներն իրականացնելու համար»,-ասաց Իգիթյանը
Թևան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ է առաջարկել, իշխանավորները պատասխանել են, որ իրենք են վատ վիճակում հայտնվելու այդ դեպքում: «Բոլոր դեպքերում պիտի դիմես, որ քո հարցերի պատասխանն ստանաս»,-նկատեց Իգիթյանը, ապա ավելացրեց. «Նույն Նազարբաևի հայտարարություններից մենք իրավունք չունենք նեղանալու կամ վատ զգալու, մարդը ներկայացնում է իր երկրի քաղաքականությունը, բացի այդ ես երբեք չեմ ընկալել ՀԱՊԿ-ը՝ որպես Հայաստանի անվտանգության համակարգ»,-եզրափակեց նա: