Զոհված ազատամարտիկի 28 ամյա որդին դեղի կարիք ունի. նախարարից պահանջում են

«Զոհված ազատամարտիկի այրի եմ ու տղաս հոգեկան խնդիրներ ունի: Նա ընդամենը 28 տարեկան է ու ես երազում էի նրան ամուսնացնելու մասին: «Զիպրեքսա» ծրագրի դադարեցումը շատ ծանր ազդեց տղայիս վրա: 19 հազար դրամ նպաստ է ստանում զոհվածի հիվանդ տղան ու մենք ի վիճակի չենք հա՛մ սնունդ գնել, հա՛մ դեղով ապահովել տղայիս»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի այրին, որը որդու հոգեկան առողջությունը չվտանգելու համար չցանկացավ ներկայանալ:
«Գուցե տղաս տեսնի ու ազդի վրան»,-ասաց:
Նշենք, որ «Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:
«Մեր քիթը արդեն քսել են գետնին, բայց ինչո՞ւ և ինչի՞ համար: Գլուխս բարձր պետք է լինի, իմ տղայիս հայրն է արյուն տվել այս երկրի համար: 19 հազար դրամով 300 դոլարի դեղ չեմ կարող գնել: Չեմ հասկանում` սպիտակ սպանդ են անում»,-հուզվեց կինը:
Նշենք, որ «Զիպրեքսա» ծրագրի շահառուներըառողջապահության նախարարին խնդրում են վերականգնել ծրագիրը: Դիմել են նաև ՀՀ նախագահին և վարչապետին: