Ինչի՞ եք այդքան թշնամաբար տրամադրված. «թեժ» կրքեր խորհրդարանում
Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ՀՀԿ-ից Արտաշես Գեղամյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ընդհանրապես վտանգավոր է:
Այս որակումը զայրացրեց «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանին:
«Լավ էր վտանգավորի փոխարեն չասեցիք հանցագործություն, ինչի՞ եք այդքան թշնամաբար տրամադրված, ինչքան էլ պնդեք, միևնույն է՝ այս տարի Հայաստանի գյուղմթերքի արտահանումը նվազել է, ժողովրդավարությունից եք խոսում, բա հանձնաժողով ստեղծեք, թող պարոն Գեղամյանը գա, իր գրած գիրքը 6 լեզվով կարդա, միգուցե ես այդ 6 լեզվից հետո հասկանամ, այ քեզ բան»,-նշեց նա:
Գեղամյանն էլ նետեց, թե 16 գիրք կա, ո՞ր մեկի մասին է խոսքը: Արամ Սարգսյանը շարունակեց, թե ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն եկել են, միասին ասում են՝ չէ, ոչ մի հանձնաժողով չենք ստեղծելու: «Ինչո՞ւ, ինձ թշնամու թիկունքում եմ զգում, որովհետև տպավորություն է, թե մենք վատ մարդիկ ենք, որ մենք երկրի լավը չենք զգում, այլ քվե ենք ուզւոմ, ոչ այդպես չէ: Ձեզ էլ հորդորում ենք, որ եկեք, ձեր արգումենտները ներկայացրեք»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն ասաց, որ հասկանում է «Ելքի» գործընկերներին, քանի որ եթե հանձնաժողովը ստեղծվի, ապա գործընթացին սկիզբ կտրվի: Սակայն նա առաջարկեց այս գործընթացը կասեցնել մինչև նոյեմբերի 25-ը, որովհետև կարող է վնասել մեզ:
Նույն խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ փաստարկները բավարար չեն իր համար:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ քննարկումն ամեն ինչի մասին էր, բայց ոչ նախագծի: «Ամենակարևորն այն է, որ դուք ուժեղ փաստարկ եք գտել, ըստ ձեզ, ըստ իս ամենաթույլ փաստարկն է, եթե ասում եք, որ ավելի երկար պետք է քննարկել, դուք ստվերում եք ձեր հայտարարությունը, որ ասում եք, թե ամեն ինչ ասված է նախագծի մեջ: Եթե այդ հայտարարությունն արդեն գրել եք, ապա լրացուցիչ հիմնավորումների կարիք գոնե դուք չպիտի ունենայիք: Ձին սայլից հետո կապելու այս մարտավարությունը որքանով է ճիշտ»,-ասաց Աշոտյանը: Նա նշեց, որ կարիք չկա հանձնաժողով ստեղծելու, միակ տարբերությունը, որ կա այդ հանձնաժողովների գործալաոճերի մեջ, միայն ժամկետն է:
Իսկ մինչ քվեարկությունը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց ներկայացված նախագիծը այն չէ, որ որոշում են ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլ այն է, որ հանձնաժողով են ստեղծում այդ հարցի վերբերյալ եզրակացություն տալու համար: Փաշինյանը պնդեց, որ նման հանձնաժողովը հենց իշխանությանն է պետք, որ ցույց տան, թե ինչ լավ բան է ԵԱՏՄ:
Հարցը դրվեց քվեարկության, և չընդունվեց 1 կողմ, 10 դեմ ձայներով: