Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են, ոչ թե բազմակողմ․ Սվիտալսկի
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրամիությունը հիմա սկսել է քննարկումներ և գործողություններ իրականացնել, որոնք շատ լավ ընդգծում են նրա ապագա ձևը, և սա կարևոր է նաև Հայաստանի համար:
Նա նշել է, որ ԵՄ-ի նոր քաղաքականությունում շատ ավելի մեծ տեղ է հատկացված հարևան երկրների հետ հարաբերություններին:
«Եվրամիությունը ցանկանում է կառուցել բարգավաճման գոտի իր սահմանների կողքին: ԵՄ-ն չունի ոչ մի թաքնված օրակարգ, պարզապես ուզում է, որ իր հարակից երկրները դիմակայեն իրենց առջև կանգնած խնդիրներին և զարգանան»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ սահման չունի, բայց սա վերաբերում է նաև Հայաստանին:
«ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասերից է և մենք ցանկանում ենք այս տարածաշրջանում շատ ակտիվ քաղաքականություն վարել: Սա է ԵՄ տեսակետը»,- ասել է նա Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններն այժմ երկկողմ են, ոչ թե բազմակողմ: Եվ շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել այս աշնանը, նույնպես վերաբերում է երկկողմ հարաբերություններին:
«Հուսով եմ, որ ապագայում Հայաստանը ԵՄ-ն կդիտարկի որպես ամբողջական հարաբերությունների մաս` ԵՄ անդամ պետությունների հետ առանձին հարաբերություններում: Կարծում եմ՝ Հայաստանի համար կարևոր է, որ ԵՄ-ն չդիտարկվի պարզապես միջազգային կազմակերպություն, անհրաժեշտ է ԵՄ-ն դիտարկել որպես կարևոր գործոն»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ որոշակի իրազեկվածության պակաս կա:
«Այստեղ լավ չգիտեն, թե ինչպես է ԵՄ-ն գործում, որն է այն ազդեցությունը, որ ԵՄ-ն ունենում է իր անդամ պետությունների վրա: Հայաստանը հիմա հնարավորություն չունի ԵՄ-ին միանալ, Հայաստանն անգամ ասոցացման ուղու վրա էլ չէ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ԵՄ-ն գործում: ԵՄ ազդեցությունը Հայաստանի վրա զգալի է՝ դրական իմաստով»,-ասել է նա: