28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանը պատերազմ է հայտարարում. Ժամանակ

Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, եւ ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք:

Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի:

Այդպիսի հայտարարություն անելու համար Կարապետյանը կա՛մ պետք է ունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը եւ համոզվածությունը, որ Սարգսյանը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, կա՛մ այդ պատասխանով Կարեն Կարապետյանը գործնականում բացահայտորեն հայտարարում է Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնության դեմ պայքարի մասին, եւ Կարեն Կարապետյանի հայտարարության տողատակում այդ դեպքում նկատվում է որոշակիորեն վա-բանկ գնալու տրամադրություն:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ եւ ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը:

Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում ակտիվ քաղաքականությունից մնալ հեռու, այլեւ գործնականում ընդլայնում է իր, այսպես ասած, «ներկայացուցչականությունը»: Ընդ որում, այստեղ խնդիրն արդեն ոչ այնքան բուն վարչապետի պաշտոնն է, որքան ընդհանրապես ազդեցությունը:

Իսկ Կարապետյանի հարցում խնդիրն այն է, որ նա անկասկած չի համաձայնի մնալ հավերժ ենթակա վարչապետ, եւ անցնող տարին նա գործնականում դիտարկել է թերեւս միայն «վերադաս վարչապետ» լինելու սպասման ժամանակահատված:

Եվ ուրեմն՝ Կարապետյանի դիրքորոշման պարագայում ո՞ր դեպքի հետ գործ ունենք՝ Սերժ Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածությա՞ն, թե՞ նրա դեմ «պատերազմի շեփոր» հնչեցնելու: Առաջին դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մի պայմանավորվածության մեջ են, որից դուրս է ՀՀԿ-ն, համենայնդեպս՝ այն ՀՀԿ-ն, որը ներկայումս հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության եւ առաջնորդության մասին, խոսում այն մասին, որ չկա նրան այլընտրանք: Իսկ դա ըստ էության ներկայիս ՀՀԿ մեծամասնությունն է:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածությամբ խաղից դուրս է դնում այդ մեծամասնությանը: Թեեւ սա էլ իհարկե զարմանալի չէ՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու այն առաքելությունը, որ Կարեն Կարապետյանի վրա դրեց Սարգսյանը մեկ տարի առաջ:

Իհարկե, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ Կարեն Կարապետյանը պետք է մնա, ապա ՀՀԿ նույն մեծամասնության համար որեւէ խնդիր չի լինի «առաջնորդ» ճանաչել Կարեն Կարապետյանին, սակայն խնդիրն այն է, որ «մասնավոր կարծիքների» վերաբերյալ իր հայտարարությամբ Կարեն Կարապետյանը այժմ ձեռնոց է նետում ոչ միայն Սերժ Սարգսյանին, եւ եթե կա նրա հետ պայմանավորվածություն, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրան արդեն իսկ այժմվանից վարչապետ հռչակողներին:

Հետեւաբար պետք չէ բացառել, որ Սարգսյանն այդպիսով ՀՀԿ ներկայիս «ոգին» հանձնում է Կարեն Կարապետյանի տնօրինությանը՝ կամ նրա միջոցով այդ «ոգուց» ազատվելու, կամ էլ այդպիսով ժամանակի ընթացքում թե՛ «հին ոգուց», թե՛ Կարապետյանից ազատվելու եւ 2022 թվականին արդեն «նոր ոգու» գլխավորությամբ նոր խորհրդարանի մեծամասնության գնալու ակնկալիքով:

Եթե Կարեն Կարապետյանը չունի Սարգսյանի հետ համոզիչ պայմանավորվածություն 2018-ի համար, եւ գործ ունենք «պատերազմ» հայտարարելու հետ, ապա այստեղ, իհարկե, Կարապետյանը փաստորեն պատերազմ է հայտարարում ամբողջ ՀՀԿ-ին կամ գոնե նրա ներկայիս մեծամասնությանը, որը հայտարարում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին:

Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կա՛մ կհաղթի այդ բացահայտ «մարտը», կա՛մ ստիպված կլինի վերածվել «մայր գետից» պոկված հերթական «վտակի»: Ի՞նչ կանի նա այդ դեպքում՝ կսկսի օտարել Հայաստանում ունեցվա՞ծքը, թե՞ կհավակնի 2022-ի ոչ իշխանական բեւեռի դերին: 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ