29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով»

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ելույթով է հանդես եկել «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի բացման ժամանակ.

««Հայաստան-սփյուռք»  համաժողովները կարևոր հարթակ են դարձել  Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը մեր ժողովրդի ներկայի և ապագայի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում մեր ազգային ինքնության առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները, մեր հայրենիքի հզորացումն ու ապահովությունը  ներկա մեր սերնդին վիճակված առաջնահերթ մտահոգություններն են:

Հայրենիք-սփյուռք գործակցության շրջանակներում, իրավ է, զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել՝ զորացնելով Հայաստանն ու Արցախը և Սփյուռքում ազգային կյանքը: Նշանակալի է եղել սփյուռքահայերի մասնակցությունը հայրենական կյանքին՝ սկսած արցախյան ազատամարտին անմիջական ու անձնվեր մասնակցությունից ու նորաստեղծ մեր երկրի կյանքում ներդրված միջոցներից մինչև այլ երկրներում ի նպաստ Հայաստանի ու Արցախի ծավալած քարոզչական աշխատանքները: Միաժամանակ հայրենի պետության կողմից ջանքեր են ներդրվել ամրապնդելու հայրենիքի և սփյուռքի կապերն ու համագործակցությունը, աջակցելու սփյուռքում գործող ազգային կազմակերպություններին և սփյուռքի տարբեր հատվածների համախմբմանն ու առկա հնարավորությունները առավել նպատակային օգտագործմանը, սատարելու պատերազմական իրավիճակում հայտնված մեր ժողովրդի զավակներին, ինչպես՝ Սիրիայում և Իրաքում:

Այսուհանդերձ, կատարված աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները: Մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական դժվարությունները հայրենիքում, խաղաղության ապահովումը մեր սահմաններում:

Մեր պետությունը՝ թեև բազում դժվարությունների առջև, համայն հայության պատվարն է և մեր ժողովրդի գոյատևման  երաշխավորը: Այսօր ժամանակն է, որ դառը փորձությունների ծանրությունը կրած մեր երկիրն ու ժողովուրդը կարողանան ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, որը պահանջում է ուժերի ու կարողությունների ամբողջական կենտրոնացում ու համախմբում: Ազգային համախմբման հարցում ամենքս միակարծիք ենք ու հաստատակամ: Համախմբումը, սակայն, զերծ պիտի լինի հատվածական հետաքրքրություններից ու ժամանակավոր նպատակահարմարություններից:

Պաշտոնը, հասարակական դիրքը, նյութական ու մտավոր կարողությունները, որոնցով օժտված են մեր ժողովրդի զավակները, պիտի ծառայեցվեն մեր երկրի պայծառացմանը և ամենուր մեր ժողովրդի առաջընթացին ու ազգային կյանքի զարթոնքին: Հայրենաբնակ թե սփյուռքահայ՝ հայրենիքի և ազգի հանդեպ կրում ենք նույն պատասխանատվությունը: Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով: Հայրենիքից չի կարելի երես դարձնել, եթե այն նեղությունների, փորձությունների ու մարտահրավերների առջև է կամ նվազ հարուստ ու հարմարավետ է: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի: Այս պիտի լինի մեր նշանաբանը: Հայրենիքը մենք պիտի սիրենք այն պարզ պատճառով, որ մերն է, մեր հայրերի արյամբ ու քրտինքով նվիրագործված և մեզ ավանդված: Հայրենիքով է զորեղ յուրաքանչյուրը՝ իբրև ազգի զավակ, իբրև կրողն ու շարունակողը հայրենյաց ժառանգության, իսկ զորությունը հայրենիքի մեր ժողովուրդն է՝ ի հայրենիս և ի սփյուռս միասնաբար:

Եկող տարի նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, որը կոչ ու խրախույս է ազգային համախմբման: Մեկ դար առաջ այդ օրինակը բերեց մեր ժողովուրդը՝ միահամուռ կամքով պաշտպանելով հայրենիքը և վերակերտելով պետականությունը: Այսօր մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը պահանջում է միասնական առավել ջանքեր, ինչպես և պատերազմի վտանգի ներքո գտնվող ժողովրդի զգոն ու սթափ գիտակցություն և առավել պատասխանատվություն: Մեր երկիրը հեռու պիտիպահենք ցնցումներից և ամեն ջանք պիտի գործադրենք՝ խաղաղությունը ամրագրելու և հասնելու Արցախի ճանաչման հաղթանակին:

Այս տեսլականով Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, արդյունավորի ջանքերը համաժողովի կազմակերպիչների  ու մասնակիցների և լուսավորի մեր մտքերը՝ գտնելու լավագույն ուղին մեր հայրենիքի ու ժողովրդի զորացման և առաջընթացի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ