Համաձայնեցնելու խնդիր էլ չկա. Ալիկ Սարգսյանը՝ Աբրահամյաններից ու Արտաշատից (տեսանյութ)
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռևս վերջնական չի որոշել, թե ով պիտի լինի Արտաշատում իրենց թեկնածուն. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Միաժամանակ, նա նշեց, որ այս պահին միակ թեկնածուն ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանն է:
Նշենք, որ այն բանից հետո, երբ նախկին ՀՀԿ-ական ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հրաժարվեց այդ պաշտոնից, մամուլը շարունակում է գրել, որ Աբրահամյանն այստեղ շարունակում են պահել իրենց իշխանությունը:
Մեր հարցին, թե միտում կա նվազեցնել նրանց գործոնը մարզում կամ քաղաքում, Ալիկ Սարգսյանը բացասական պատասխանեց. «Այդ ուղղությամբ որէ բան չի արվում»: Հարցին, թե արդյոք Աբրահամյանների հետ համաձայնեցվել է կամ համաձայնեցվելու է ՀՀԿ-ի թեկնածուի անձը, նա արձագանքեց. «Չէ, համաձայնեցնելու խնդիր էլ չկա, բայց կարծում եմ՝ ընդհանուր համաձայնություն կլինի այդ հարցերի շուրջ միասին աշխելու»:
Քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա: Լուրեր կան նաև, որ «Ծառուկյան» դաշինքն է այստեղ թեկնածու առաջադրելու՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի ազգականի՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի: Վերջինս դեռևս չի հայտարարել՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, խորհուրդ է տալիս համբերել: