«Լենկ Թեմուրի նման արշավեցին տանս վրա». վկա /տեսանյութ/
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Այսօր դատարանը քննեց վկա Սուսաննա Հարությունյանին: Վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանին, Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:
Վկան նշեց, որ ընտրությունների ժամանակ աշխատել է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբում, որը գտնվել է Էջմիածին քաղաքում: Նա հավաստեց, որ հիշյալ մարդիկ, ովքեր էջմիածինցիներ են չեն ճանաչել Սամվել Բաբայանին:
« Հավաստում եմ, որ պարոն Բաբայանը չէր կարող ոչ իր կալիբրի մարդկանց հետ շփվել: Սանոյին որ բռնեցին, լուրն իմանալուց հետո, մարտի 22-ին զանգել եմ Սամվել Բաբայանին և ասել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Սանասարին: Բաբայանը արձագանքեց՝ լավ են արել: Ավելի ուշ եկավ Սանասարի ընկերը՝ Աշոտը և ասաց, որ խոսելու բան կա: Աշոտը մտավ Բաբայանի սենյակ և սկսեց պատմել , թե ինչպես են ձերբակալել Սանասարին: Բաբայանը ավելի ուշ ինձ ասաց, որ դուրս գամ: Ես գնացի շտաբ: Ավելի ուշ իմացա, որ Սամվել Բաբայանը ձերբակալված է»,-պատմեց վկան:
Վկա Հարությունյանը շարունակ արդարացնում և գովաբանում էր Արցախի հերոս Սամվել Բաբայանին. «Հայաստանում,բոլորը գիտեն, թե որ գեներալն է Հայաստանում զենք ծախում , որ գեներալէ հող ծախում: Բաբայան Սամվելին տասը միլիոն հայ է ճանաչում և բոլորն էլ հպարտանում են նրանով»:
Սուսաննա Հարությունյանը դժգոհեց ԱԱԾ-ի աշխատանքից. «Լենկ Թեմուրի նման արշավեցին տանս վրա»,-նշեց Սուսաննա Հարությունյանը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: