17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուրեմն այսպես… Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին նամակ է ուղղել

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Ս.Սարգսյանին` անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումներով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

Պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի պարոն Սարգսյան,

Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991 թվականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար:

Այս ուղղությամբ, իհարկե, օգտակար կլինեն ոչ միայն Ձեր ձեւավորած կառավարությանն ուղղված հեռուստատեսային ողջունելի, բայց խիստ ընտրովի եւ ուշացած կշտամբանքները, այլեւ խորհրդարանական վերջին ընտրություններում Ձեր անունից արված ու Ձեր ղեկավարած կուսակցության եւ/կամ իշխող մյուս կուսակցությունների կատարած` վարչական ռեսուրսի ու սպառնալիքի, համատարած ընտրակաշառքի, ընտրացուցակների ու բազմակի քվեարկությանը վերաբերող, ինչպես նաեւ բացարձակապես հակասահմանադրական մնացյալ զանցանքների մասին Ձեր համալիր, անկեղծ ու ինքնաքննադատական գնահատականը:

Ուրեմն այսպես.

“Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիեւ առաջարկում ենք հետեւյալ հիմնաքայլերը.

1. Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից:

2. Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջեւ բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը:

3. Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միեւնույն պայմաններով օգտագործման ապահովումը:

4. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից:

5. Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում:

6. Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում:

7. Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:

8. Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների եւ Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:

9. Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որեւէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:

10. Մրցակցության, այդ թվում եւ ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների” հատվածական չարաշահումը:

11. Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի եւ այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով:

12. Ձեր կամ որեւէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձեւից, բովանդակությունից ու անվանումից:

13. Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական եւ ընտրական գործընթացներում:

14. Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը:

15. Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը:

Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար”:

Ձեր պատասխանի ակնկալիքով

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան”

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ