5 հազար եվրո է փոխադրել, փողերի վրա լաքա կար. նոր զարգացումներ Սամվել Բաբայանի գործում
Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Գործով վկա Գոռ Շաքոյանը նշեց, որ ուղևորափոխադրման ընկերության սեփականատեր է և մի անգամ իրեն ծանոթներից մեկը խնդրել է Մոսկվայից գումար փոխադրել: Ինքը խնդրել է Մոսկվայի աշխատակցին՝ Արայիկին, որն էլ կազմակերպել է գումարի փոխադրումը: Գումարը եղել է ծրարով՝ 5 հազար եվրո: Գոռ Շաքոյանը նշեց, որ գումարը հանձնել է Դավիթին:
Վկան նշեց, որ կատարվածի մեջ ոչ մի տարօրինակ բան չի նկատել, բացի նրանից, որ թղթադրամների վրա լաքաներ կային:
Դավիթը նրան վստահեցրել է, որ փոխադրված փողերը նորմալ են և կեղծված չեն:
Դատավորը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: