Սամվել Բաբայանը օբյեկտիվ քննություն է պահանջում. վկան խառնեց ամսաթվերը/տեսանյութ/
Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստում շարունակելու են լսել գործով վկաներին:
Նիստերի դահլիճ հրավիրվեց վկա Արմեն Հակոբյանը: Մեղադրող Արամ Անանյանը միջնորդություն ներկայացրեց՝ վկաների քննությունը չտեսանկարահանելու մասին:
Գործով մեղադրյալ, Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը միջնորդությանը դեմ գտնվեց: Նա նշեց, որ գործով վկաներից մեկին տեսանկարահանելը իր համար շատ կարևոր է, քանի որ միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ վկան:
Լրագրողները նույնպես պահանջեցին, որ տեսանկարահանման թույլտվությունը չվերացվի:
Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի և որոշում կայացրեց թույլատրել տեսանկարահանումը իրականացնել 5 րոպեի սահմաններում:
Վկա Արմեն Հակոբյանը նշեց, որ ինքը բեռնափոխադրող ընկերությունում ավտոբուսի վարորդ է աշխատում և իրեն դիսպետչեր Արայիկը ծրար է տվել, որը ինքը պետք է տեսափոխեր Երևան և հանձներ իրենց աշխատակիցներից՝ Գոռին: Ծրարը նա ստացել է Մոսկվայում, անցած ձմռանը: Վկան հայտնեց, որ Երևանում ծրարը հանձնել է Գոռին և նրա պարունակությանն մասին ոչ մի բան չի իմացել:
Վկան ընդգծեց, որ ինքը միայն մեկ անգամ է նման ծրար փոխանցել:
Դատավորը նշեց, որ վկան դատարանում դժվարացավ հիշել, թե երբ, որ ամսին, որ օրն է տեղափոխել ծրարը:
Դատավորը հրապարակեց վկայի նախնական ցուցմունքը:
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ ծրարը փոխանցել է 2016 թվականի սեպտեմբերի 24-ին, այնինչ դատարանում նշեց, որ դա եղել է ձմռանը:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: