Ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը Շիրխանյանի դեմ ցուցմունք է տվել
Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց:
Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ նրա ցուցմունքները կազմում են իր պաշտպանյալի մեղադրանքի ամբողջ հիմքը, եւ եթե նա դատարանում հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա նրա ցուցմունքի հրապարակումն ու օգտագործումը դատավճիռ կայացնելիս անթույլատրելի է:
«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Լիլիթ Թորոսյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ դեռեւս մինչեւ Վահան Շիրխանյանի հետ ծանոթանալը, նա նրա հետ խոսակցությունները վարել է` ունենալով ԱԱԾ հանձնարարությունը եւ մի շարք հարցեր ունեմ նրան տալու: Սակայն, նա հրաժարվում է ցուցմունք տալուց, այդ պատճառով էլ միջնորդում եմ չհրապարկել նրա նախաքննական ցուցմունքը»,-նշեց փաստաբանը:
Դատարանը հայտարարեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող ընդունվել:
Դատարանը որոշում կայացրեց հրապարակել Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքը:
Ըստ Լիլիթ Թորոսյանի ցուցմունքի` ինքը որեւէ կապ չունի եւ չի համագործակցել զինված խմբի հետ: Նա նշել է, որ քանի որ լրագրող է, Արթուր Վարդանյանի հետ դեպքից ամիսներ առաջ ծանոթացել է համացանցի միջոցով, այնուհետեւ հեռախոսի միջոցով օր ու ժամ են պայմանավորվել` Քեսաբի ազատագրման մասին հարցազրույց վերցնելու համար: Նրա հետ երկու հարցազրույց է ունեցել:
Նա նշել է, որ Արթուր Վարդանյանը որեւէ անգամ չի նշել, որ ցանկանում է ստեղծել հանցավոր համագործակցություն, ինքը երբեւէ չի եղել Նորք-Մարաշում վարձակալած նրա տանը, նրա մոտ երբեք չի տեսել զենք-զինամթերք:
Լիլիթ Թորոսյանն իր նախաձեռնությամբ նախաքննական մարմնին է ներկայացրել այն համակարգիչը, որի մեջ առկա են եղել գործին վերաբերող երկու ձայնագրություններ: Դրանք Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի եւ Պարգեւ Սրբազանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններն են: Վահան Շիրխանյանի հետ խոսակցությունը արվել է Արթուր Վարդանյանի նախաձեռնությամբ. «Արթուր Վարդանյանն ինձ ասել է, որ երբեւէ որեւէ մեկին չասեմ այդ ձայնագրությունների մասին, այն, որ պահել եմ իմ համակարգչում այդ ձայնագրությունները, որեւէ մեկը տեղյակ չի եղել»:
Նա նշել է, որ Գառնիկ Մարգարյանի ու Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է Երեւանում. «Գառնիկ Մարգարյանն ինձ տվեց հայ պաշտոնյաների գործունեությանը վերաբերող տարբեր նյութեր, որոնք ես տվեցի Հայր Անտոնին: 2015թ. հոկտեմբեր ամսին, երբ Արթուր Վարդանյանը ցանկանում էր մեկնել Սիրիա եւ իրեն գումար է անհրաժետ, խնդրել է որպեսզի Հայր Անտոնն իրեն գումար տրամադրի: Հայր Անտոնն այլ հեռախոսահամար է տվել, որից պետք է Արթուր Վարդանյանը վերցներ գումարը»:
Լիլիթ Թորոսյանը նշել է, որ Վահան Շիրխանյանի հետ ծանոթացել է 2015թ. մայիսին Մոսկվա քաղաքում` Հայր Կաթողիկե եկեղեցում. «Այնուհետեւ Երեւանում հունիս կամ հուլիս ամիսներին նրանից հարցազրույց եմ վերցրել արցախյան պատերազմի մասին: Արթուրը ցանկանում էր հանդիպում ունենալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ խնդրում էր նրան կազմակերպել այդ հանդիպումը, Շիրխանյանը խոստացել էր, որ կկազմակերպի: Վահան Շիրխանյանն Արթուրին ասում էր, որ եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, ապա թող սեպտեմբերին լինի: Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը բազմիցս հանդիպել են, ձայնագրությունում հստակ երեւում է, թե ինչ խորհուրդներ է տվել Արթուրին Վահան Շիրխանյանը Հայաստանում հեղաշրջում կատարելու համար: Հեղաշրջում կազմակերպելու մասին այդ ժամանակ եմ իմացել եւ դրա համար էլ ձայնագրել եմ»,-ասել է նա:
Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն է նշեց, որ Լիլիթ Թորոսյանի ամբողջ ցուցմունքից երեւում է, որ ուղղորդված ցուցմունք է տվել. «Հակասություններ կան` մի տեղում ասում է ձայնագրությունները գաղտնի է արել, մի տեղ ասում է` իմ իմացությամբ: Նա նրանց ուզած ցուցմունքները տվել է եւ բանտից դուրս են թողել: Վահան Շիրխանյանի հետ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, նրա մասնակցության մասին որեւէ բան չի եղել,ես նրա հետ խոսելեմ միայն երկրի վիճակի մասին: Եթե մեր խոսակցության ժամանակ է լսել հեղաշրջման մասին եւ որոշել է նոր ձայանգրել, էդ ոնց է արել: Թե տենց բան արել եմ, ուրեմն լավ եմ արել, թե պետք լինի` էլի կանեմ, բազմաթիվ անգամ մտահոգվել եմ, որ երկրին պատերազմ է սպասվում, ասում էր, թող ամբողջությամբ ասեր»:
Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանն էլ նշեց, որ Լիլիթ Թորոսյանը հրաժարվելով պատասխանել կողմերի հարցերին` դատաքննությունը ձեւական է դարձնում:
Նշենք, որ Լիլիթ Թորոսյանն իր նախաքննական ցուցմունքում նաեւ նշել է, թե Արթուր Վարդանյանը կապ է ունեցել նաեւ ԱՍԱԼԱ-ի եւ «Հզբոլլահ»-ի հետ:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: