Շատ քչերի լեզուն է պտտվում ասել. Առավոտ
”Առավոտի” խմբագրականում կարդում ենք.
”Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը։ Երեկ ես դրանում կրկին համոզվեցի։ Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է։
“Գմփցնելու” կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր։ Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետև վախենում են, որ իրենց կմեղադրեն “իշխանությանը ծառայելու” մեջ։
Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց “ընդդիմադիր դիվիդենդները”։ Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, և այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսևորումներ։ Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաև Նաիրի Հունանյանի “դրսևորումները”։
Ենթադրենք, “մոլոտով–կոկտեյլ”–ով կամ ինքնաձգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության հարց լուծել։ Մի՞թե պարզ չէ, որ հեղափոխությամբ իշխանության եկածները կլինեն ավելի կոռումպացված, ավելի ագահ և ավելի ցինիկ, քան այսօրվանները։
Իշխանություն դարձած հեղափոխականները պատրանք կունենան, որ ունեն որևէ մեկի կողմից չվերահսկվող կամայականությունների և բռնությունների մանդատ։ Այդպիսով՝ բոլոր մակարդակներում և մարզերում իշխանության գլխին կունենանք հարյուրավոր “լիսկաներ”։ Եվ շատ հնարավոր է, որ ինքնաձիգ և պայթուցիկ ունեցողներին “մի գեղեցիկ օր” աթոռներից կքշեն տանկեր և ԲՏՌ-ներ ունեցողները։ Եվ այսպես շարունակ”:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: