Ի՞նչ «ազատություն» են փնտրում հայաստանցիներն արտերկրում. Առավոտ
Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետեւ այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է: Բայց երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետեւ ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է: Նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում:
Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ եւ հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբեւէ CNN-ի եթերում հայտնվելն է եւ սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու»: Այո, դա կարեւոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի:
Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների: Ուրիշ հարց, եթե նա կաշխատի արդեն իսկ «գործ դրած» իր բարեկամի կրպակում: Բայց միթե ամերիկյան «բուդկայում» աշխատելն ավելի մեծ ազատություն է ապահովում, քան հայաստանյան «բուդկայում»:
Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար եւ ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում եմ, որ հանուն այդ «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում