Ոստիկանության պաշտոնյաի նկատմամբ բռնություն է կիրառվել

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Ալոյանը, ով նախկինում խախտում թույլ տալու համար զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլ անձի անունով հաշվառված ավտոմեքենայով 24.05.2017թ.-ին մեկնել է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ հանդիպելով իր ծանոթին՝ նրան խնդրել է վարել ավտոմեքենան` առկա անսարքությունը պարզելու եւ վերանորոգելու համար: Ա. Ալոյանի ծանոթը ավտոմեքենան վարելուց հետո այն կայանել է երթեւեկության հոսքին հակառակ՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչն էլ նկատել են տվյալ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արագածի բաժնի պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանն ու նույն բաժնի ծառայողները: Նրանք ավտոմեքենայի վարորդից պահանջել են վերացնել խախտումը, սակայն Ա. Ալոյանն այդ կապակցությամբ անհիմն վիճաբանություն է հրահրել Մ. Մարտիրոսյանի հետ եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, որի հետեւանքով ոստիկանության պաշտոնյան մարմնական վնասվածք է ստացել:
Այսպիսով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում ավտոմեքենա վարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Ալիկ Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: