28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թշնամին գործում է լկտիաբար, բացահայտ, անպատիժ. կոչ Վիգեն Սարգսյանին

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Հայաստանի գրողների միության վարչության եւ ԵԿՄ վարչության անդամ Սամվել Բեգլարյանը բաց նամակ է հղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.

«Մեծարգո պարոն նախարար, այս հարցով ես դիմել եմ Ձեզ նաեւ առերեսում, բանավոր եւ խնդրո առարկան Դուք շատ լավ գիտեք, սակայն իրավիճակը մնում է նույնը ու դեռ ավելի վտանգավոր է դարձել: Ես պահեստի սպա եմ, գիտեմ գաղտնիության սահմանները, բայց այլեւս ինչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել, եթե թշնամին բացահայտորեն, անթաքույց, օր ու գիշեր կրակում է Հայաստանի վրա, գնդակոծում է մեր սահմանամերձ գյուղերն ու մահվան վտանգ տարածում այնտեղ հերոսաբար ապրող մարդկանց համար եւ ի պատասխան. կամ ինչպես ընդունված է ասել՝համարժեք ոչինչ չի ձեռնարկվում: Ասածս ստույգ վերաբերում է Երևան- Թբիլիսի հանրապետական նշանակության մայրուղու Ոսկեպար- Բաղանիս հատվածին:

Այստեղով կյանքը վտանգի ենթարկելով երթեւեկող յուրաքանչյուրը տեսել է ու գիտի, որ թշնամու դիրքերն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են եւ պարզ լսվում են նույնիսկ թուրք ասկյարների խոսակցությունները, ովքեր կրակում են պարբերաբար եւ ցանկացած պահի կարող են մեծ արյունահեղություն առաջացնել: Օրինակ. երեկ երեկոյան, Բաղանիս-Ոսկեվան ճանապարհի խաչմերուկում իմ երկու որդիներն իրենց ընկերների հետ հրաշքով են փրկվել գնդակոծվելուց: Նման դեպքերը եզակի չեն, սակայն մարդիկ շարունակում են ապրել ու աշխատել այստեղ : Ես էլ Բաղանիսում տուն ունեմ, թշնամու դիրքերից ուղիղ 1000 մետր հեռավորության վրա, ուզում եմ գնալ որդուս տնից ու այնտեղ ապրել, սակայն թշնամին բազմիցս գնդակոծել ու խարխլել է այն: Երեք անգամ օգնության խնդրանքով դիմել եմ երկրի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին եւ երեք անգամ էլ մեծահոգաբար պատասխանել են … մարզպետարանից , թե փող չունեն , ծրագիր լինի « մի բան կանեն» … Այսպե՞ս եք օգնում սահմանում ապրողներին: Եթե, իբր թե փող չունեք, համարձակություն ու մտադրություն էլ չունե՞ք,որ ետ վերցնեք նշված դիրքերը, որ մերն են ու նախկինում էլ մեր ձեռքին էին եւ Վազգեն Սարգսյանի ժամանակներում թողնվեցին թշնամուն :

Այդ խիստ ռազմավարական նշանակության դիրքերի վերադարձման դեպքում մեզ ամենամոտ թուրքերը Ղազախում (մեր պատմական Խաղխաղ քաղաքն է ) կլինեն …չնայած դա էլ խիստ անհավանական է, եւ կարծում եմ՝ նրանք էլ ավելի դեպի արեւելք կգնան: Պարոն նախարար, հարկավոր է ուղղել ժամանակին թույլ տրված ճակատագրական սխալը, եւ այստեղ ոչ մի « ռազմական գաղտնիքի» խնդիր չկա, նամանավանդ, երբ թշնամին գործում է լկտիաբար, բացահայտ, անպատիժ եւ փաստորեն հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա ու մեր, իսկ տարածքից մշտական վտանգ է ստեղծում մեր շեների ու մեր մարդկանց համար: Հարկավոր է անվտանգության ապահովման գործողություն ձեռնարկել: Ժամանակն է, պարոն նախարար:

Հարգանքներով եւ սպասումով՝ Սամվել Բեգլարյան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ