26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին և խորհրդակցություն անցկացրել Արարատում

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի 18 մլն խմ-ով տնտեսել Սևանա լճի ջուրը,  որը կօգտագործվի նոր ուղղություններով. ակնկալվում է դրա արդյունքում ունենալ 2800  հեկտար ոռոգելի նոր հողեր: 

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում տարեկան ջրամբար կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: 

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թ. մարտին: Պատասխանատուների խոսքով՝  հնարավոր է ժամկետների տնտեսում, որի արդյունքում աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020թ. կեսերին: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ:

Այնուհետև Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ամփոփ զեկույց է ներկայացրել մարզի սոցիալ տնտեսական իրավիճակի և հիմնական ցուցանիշների վերաբերյալ: Նրա խոսքով հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 6.3 տոկոս:  2016թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 178 մլրդ 975 մլն դրամ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ շուրջ 132 մլրդ 900 մլն դրամ: Մարզում կատարվել է 18 507,4 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք, կամ օգտագործվել է վարելահողերի շուրջ 73,5 տոկոսը: Ակտիվացել են չրանոցային, ջերմոցային և սառնարանային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները: Մարզն ունի 1 խոշորացված համայնք՝ Ուրցաձորը: Մշակվել և բոլոր համայնքների կողմից պատրաստվել են «Համայնքի  էլեկտրոնային  անձնագրերը», որոնք ներառում են տեղեկատվություն համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի և ներդրումային ծրագրերի հնարավորությունների վերաբերյալ:

Մարզպետը նշել է, որ 2017թ. համար մարզի  գերակա խնդիրներն են՝ գյուղմթերքների արտադրության և մթերման աշխատանքների կազմակերպումը, ոռոգման  սեզոնի  նախապատրաստումը և անխափան ջրամատակարարումը, համայնքներում  քաղաքաշինության  ոլորտում առավել հրատապ լուծում պահանջվող հիմնախնդիրների բացահայտումը և գույքագրումը, հանրակրթության մատչելիության բարձրացումը և կրթության հավասար պայմանների ապահովումը, առողջապահության ոլորտի զարգացումը և սպասարկման որակի բարելավումը:

ՀՀ կառավարություն է ներկայացվել 1 մլրդ 966 մլն դրամի 15 ներդրումային ծրագիր: Հավանության են արժանացել 2-ը՝ Վեդի քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման և Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնման ծրագրերը (857.5  մլն դրամ): Մնացած ծրագրերը քննարկման փուլում են: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ ընթացքի մեջ են և մինչ տարեվերջ կիրականացվեն Արարատում պետության և մասնավոր հատվածի միջոցներով իրականացնել 72,6 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնման, թեթև արդյունաբերության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզի համայնքների սեփական եկամուտների պլանը կատարվել է 35.9 տոկոսով կամ նախորդ տարվա հաշվետու ժամանակահարվածի նկատմամբ կատարողականը կազմել է 112.2 տոկոս. ավելի է մուտքագրվել 93.2 մլն դրամ: Մարզպետը նշել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա 2017թ. սեփական եկամուտների ավելի պլանավորումը 2016թ. համեմատ  կազմում է  22.6 տոկոս կամ 415 մլն դրամ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզում իրականացված աշխատանքների արդյունքում 260 աղբանոցից վերացվել է 217-ը, իսկ մնացած 43-ի ամբողջական վերացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն:

Վարչապետ Կարապետյանը մարզպետարանի աշխատակազմից մանրամասն հետաքրքրվել է սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության սակագների, մեկ շնչին ընկնող եկամտի և այլնի մասին՝ նկատելով, որ մարզում առկա են թերհավաքագրումներ և անհամաչափություններ ինչպես համայնքների միջև, այնպես էլ այլ մարզերի համեմատ: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատի մարզի սեփական եկամուտների համար նախատեսված 2,1 մլրդ դրամն իրականում պետք է լինի 3,8-3,9 մլրդ դրամ: Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել: Դուք ունեք նաև չափազանց մեծ դիսբալանսային ցուցանիշներ: Շատ արագ այդ ամենը պետք է կարգավորեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետին զեկուցվել են Արարատի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության, ներդրումների ներգրավման ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Անդրադառնալով բիզնես ծրագրերի խթանմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումներն ու կապերի հաստատումը: «Մարզում պետք է ձևավորվեն գաղափարներ, նախագծեր, որոնք տրամաբանական են բիզնեսի համար՝ ինտենսիվ այգի, կաթիլային համակարգ, գյուղտեխնիկա, թեթև արդյունաբերություն և այլն: Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձևավորի»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով առողջապահության համակարգում բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետպատվերի համակարգում նախատեսվող քայլերը: Վարչապետը շեշտել է, որ համակարգում առկա է մեծ ստվեր և հաջորդ տարվանից պետպատվերի բաշխումը կատարվելու է երկու հիմնական սկզբունքի հիման վրա՝ պարտադիր աուդիտի անցկացում և կոմերցիոն մասնաբաժնի հստակեցում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ հարցերի, որոնց ուղղությամբ կառավարության ղեկավարը տվել է հանձնարարականներ:

Ararati marz2 Ararati marz4 Ararati marz7 Ararati marz5 Ararati marz3

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ