Այս ձևով պայքարում ենք թուրքի դեմ. ԱՄՆ-ում բնակվող հայերը միասնական են
«Հայաստանից դուրս ապրող հայերի համար հայրենիքը օդ ու ջուր է, հայրենիքի համար արվող յուրաքանչյուր գործ` մեծագույն պարտականություն, որով մի փոքր սփոփվում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը:
Բոգարյանը հայտնեց, որ իրենց ակումբը օրերս պատվավոր անդամի կոչում է շնորհել մի շատ հարգարժան հայի, որը մեծ տառապանքների շնորհիվ կարողացել է իրականություն դարձնել իր կյանքի երազանքը: Աշխարհի տարբեր երկրներից հավաքելով լրջագույն փաստեր Բարեդ Մարոնյանը նկարահանել է փաստագրական ֆիլմ, որը պատմում է ցեղասպանության մասին: «1915 թվականին տարբեր որբանոցներում հայտնված հայ երեխաների ճակատագրին վերաբեվող այս ֆիլմը հուզել է բոլորիս: Մենք ցանկանում ենք, որ Բարեդ Մարոնյանի մասին իմանան նաև Հայաստանում: Բարեդը գտել է նաև այն աղջկա հագուսներից, ում մասին պատմում է ֆիլմը: Մեր ակումբը մեծ հպարտությամբ նրան շնորհեց պատվավոր ակումբի անդամի համար հատուկ կարված բաճկոնը: Քանի որ մենք նրան համարում ենք ազգի զավակ և ասպետ նրան անվանեցինք` Արմենոիդ: Մենք էլ մշակույթով ու այս ձևով պայքարում ենք թուրքի դեմ ու հավատարիմ մնում մեր պատմությանը:»,-մանրամասնեց Բոգարյանը:
Պատվավոր արարողակարգը կատարել են (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի 4 անդամները` ակումբի փոխնախագահ` Հարութ Բոգարյանը, կապիտան Էդվարդ Գևորգյանը, գանձապահ Ժիրայր Հարությունյանը և Ջորջ Վարդանյանը:
Հարութ Բագարյանը նշում է, որ Բարեդ Մարոնյանը մեծ ուրախությամբ և հպարտությամբ է համալրել իրենց շարքերը: Նշենք նաև, որ Մարոնյանը ակումբի պատվավոր անդամ է դարձել (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի նախագահ` Սամ Նաջարյանի ջանքերով:
Ձախից` աջ (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի նախագահ` Սամ Նաջարյան, Բարեդ Մարոնյան և Հարութ Բոգարյան:
Հեղինակ` Լուսին Ղազարյան