Դատավորը կրկին մերժեց. դահլիճ կբերվեն բոլոր ամբաստանյալները
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատական նիստի ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
Նշենք, որ Հարություն Բաղդասարյանը, Գրիշա Բալասանյանը, Հայարփի Սարգսյանը և Հրանտ Գևորգյանը միացել էին պաշտպան՝ Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը:
Դատական նիստերի դահլիճ բերվեց Վարդգես Գևորգյանը և Թորոս Թորոսյանը:
Վարդգես Գևորգյանը նշեց, որ բնակվել է Արարատում, բայց նախկինում ծառայլ է Արցախի զորամասերից մեկում:
Թորոս Թորոսյանը հայտնեց, որ ծնվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում և ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում:
Թորոսյանը նշեց, որ լյարդի լուրջ խնդիր ունի, սակայն բուժզննում չի ստացել:
Ամբաստանյալ Գևորգ Իրիցյանն էլ նշեց, որ հաշվառված է Ախլցխայում:
Դատավորը որոշեց հինգ րոպեյով դահլիճ բերել բոլոր ամբաստանյալներին, որպիսի նրանց դատավարական կարգ բացատրի:
Նշենք, որ 18 ամբաստանյալից նիստին ներկա են միայն 3-ը, 15 ամբաստանյալների վրա անցած դատական նիստին սանկցիա է կիրառվել և նրանք հեռացվել են դահլիճից: Ներկա են Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և Հովհաննես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։