Հարցաքնության հրավիրել Օկոևին. Մերի Մարգարյանի մահվան գործ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստը:
Այսօրվա նիստի ժամանակ կողմերը դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացրին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդեց հարցաքննության հրավիրել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի անդամ, մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոեւին: Ըստ պաշտպանի` նման միջնորդությունն արվում է, քանի որ դատարանում շատ շահարկվեց դատակոչված վկա Ռազմիկ Աբրահամյանի ցուցմունքը: Նշենք, որ Աբրահամյանը եւ ներառված է հանձնաժողովում, եւ մինչեւ Մերի Մարգարյանի մահը եղել է նրա բուժման համար հրավիրված կոնսիլիումին: Մարինե Թովմասյանը նշեց, որ եթե այս փաստը հետագայում կարող է դառնալ վիճարկման կամ շահարկման թեմա, ինքն առաջարկում է հարցաքննության հրավիրել հանձնաժողովում ընդգրկված մյուս մանկաբարձ-գինեկոլոգին` Գեորգի Օկոեւին: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը` նշելով, որ հակառակ դեպքում իրենք Ռազմիկ Աբրահամյանի տված ցուցմունքը ճանաչում են անթույլատրելի, ինչն էլ հակասում է օրենսդրությանը:
Այնուհետեւ մեղադրող Արա Մնացականյանը ժամանակ խնդրեց միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ քննարկման համար, մյուս կողմերը միացան նիստը հետաձգելու միջնորդությանը: Դատավոր Դավիթ Բալայանն իր հերթին հայտարարեց, որ գործում առկա են ռուսերեն փաստաթղթեր, որոնք դատարանը չի ուսումնասիրել, եւ որոշում կայացրեց դրանք ուղարկել հայերեն թարգմանության: Նշենք, որ հիվանդության պատմագրում շատ գրառումներ հենց ռուսերենով են արված:
Դատական նիստը հետաձգվեց, մինչեւ ստացվեն թարգմանությունները:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել էր 2015թ. հուլիսին: Նրա եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը: