Թևան Պողոսյանն ընտրվել է
Երեւանում, հուլիսի 21‐ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը եւ այնուհետեւ կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել է Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ եւ նախագահ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը ներկայացրել էր 6 կետից բաղկացած առաջարկություններ, եւ համագործակցությամբ իրականացվել են դրանց մի մասն ամբողջությամբ (օրինակ, քրեականացվել է ապօրինի հարստացումը), մյուս մասը՝ մասնակի եւ մյուս մասի ուղղությամբ կատարվում են քայլեր:
Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու հարցին, Կարեն Զադոյանը նշեց, որ այս մարմնի վերաբերյալ իրավական ակտերը մշակվել են կառավարության ու քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում։ Սեղանին դրված անկախ մարմնի երկու մոդելներից գործադիրը ընտրել է կանխարգելիչը, թեեւ Կոալիցիան հակված է եղել ունիվերսալ մոդելի ընտրությանը, որն իրականացնում է ոչ միայն կանխարգելիչ ու կրթական, այլեւ իրավապահ գործառույթներ։
Այդուհանդերձ, կառավարությունը 2017‐2022թվականների իր ծրագրում նախատեսել է նաեւ ունիվերսալ մոդելի ուսումնասիրության հարցը. «Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք այն բանին, որ ամենաուշը 2018 թվականին, երբ կսկսի կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը գործել, զուգահեռ ունենանք կոռուպցիոն հանցագործությունները քննող մեկ միասնական քննչական մարմին, հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ արդյունքներ չարձանագրել», -ասաց Կարեն Զադոյանը:
Կոալիցիայի ներկայացրած առաջարկներից իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվել է մասնակի՝ միայն պետական գնումների ոլորտում: Պետական գնումների մրցույթում հաղթող ընկերությունը այսուհետեւ ներկայացնում է հայտարարություն՝ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ: Սակայն բաց է մնում իրական սեփականատերերի բացահայտման կարգավորումը տնտեսական մրցակցության ոլորտում:
Առաջարկների թվում է եղել նաեւ հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը: Կ. Զադոյանը հիշեցրեց, որ այդ կենտրոնները գործարկվել են 2011‐2014 թվականներին եւ նույն ժամանակաշրջանում Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական տեղաշարժ է ունեցել, ինչը չի նկատվել վերջին 3 տարիներին։ Ուստի, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում առաջարկ է եղել քայեր ձեռնարկել այդ կենտրոնների վերագործարկման ուղղությամբ, եղել է վարչապետի համապատասխան հանձնարարականն, ու սպասվում է, որ կհայտարարվի բաց մրցույթ՝ այդ կենտրոնների գործարկման համար։
Կարեն Զադոյանի զեկուցումից հետո Կոալիցիայի անդամները ընտրեցին կառավարման խորհրդի անդամներին, որից կառավարման խորհրդի նորընտիր անդամներն ընտրեցին ընտրվեց խորհրդի նախագահին։ Այս պաշտոնում ընտրվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:
«Կոալիցիան այն ինստիտուտն է, որ ներկայումս գիտակցված ըմբռնումով ու մոտեցումով կարողանում է առնվազն խնդիրը բարձրաձայնել ու տեղ հասցնել որոշումներ կայացնողների առջեւ, ինչպես իրականացնել քայլեր, որ որոշումներ կայացնողները չշարունակեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում ու հաշվի նստեն Կոալիցիայի հետ»,‐ ասաց նորընտիր նախագահ Թեւան Պողոսյանը։
Անդրադառնալով Կոալիցիայում իր ծրագրերին, նա հատուկ կարեւորեց անպատժելիության դեմ պայքարը, նշեց նաեւ, որ հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել այն կանխարգելելու եւ հասարակությանը կրթելու ուղղությամբ:
Նշենք, որ Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.‐ի նոյեմբերի 28‐ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ‐ներ` Երեւանից եւ ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմանադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ: