26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով

Ինչպես երևում է՝ մեր համատարած պոռոտախոսության հետևում թաքնված է նույնքան համապարփակ տհասություն ու տգիտություն, որն ամեն առիթով հանգեցնում է անթույլատրելի, վտանգավոր ու վախեցնող ինքնագործունեության: Ահա հերթական օրինակը: Ըստ ամենայնի՝ ոչ առանց, այսպես կոչված, լիազոր մարմնի՝ Մշակույթի նախարարության իմացության, Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով: Այո՝ նմանակումներով, և ոչ թե կրկնօրինակներով, քանի որ բնօրինակներից տարբերվում են չափերով, նյութով գույնով, կատարման տեխնիկայով, պատվանդանով, գրային հավելումներով և այլն: Բայց նույնիսկ եթե դասական կրկնօրինակներ լինեին, միևնույն է, դրանք որևէ պատրվակով ոչ Գեղարդավանքում, ոչ էլ որևէ միջնադարյան հուշարձանախմբում տեղադրել չէր կարելի: Պատմությունից, հնագիտությունից, ճարտարապետությունից կամ արվեստաբանությունից տարրական պատկերացում ունեցողին պիտի պարզ լիներ, որ Գեղարդավանքը դարերով կազմավորված և ավարտուն հոգևոր-մշակութային համալիր է՝ ինքնին մի անկրկնելի ու փառավոր զարդ և այն որևէ կերպ «զարդարելու» ցանկությունը ծայրահեղ գավառամտություն է:

Գեղարդավանքը ոչ Ջուղայական, ոչ էլ այլ կարգի նոր խաչքարերի կարիք չունի. այստեղ բազմաթիվ խաչքարեր կան, և այնտեղ են, որտեղ պիտի լինեն՝ իրենց նախաստեղծ տեղում ու վիճակում: Եվ այդ խաչքարերը ծաղկուն միջնադարի՝ 12-14-րդ դարերի իրենց ոճով ու գեղարվեստական կատարելությամբ անհամեմատելիորեն ավելի բարձր են, քան պարսկական ու արևելյան զարդարվեստի ակնհայտ ազդեցությամբ ստեղծված ու ձանձրալիորեն միապաղաղ զարդամոտիվներով հարդարված Ջուղայական խաչքարերը: Ավելորդ է հիշեցնել, որ նման կարգի բարձրարվեստ պատմաճարտարապետական համալիրներում օրենքով առհասարակ արգելվում է նույնիսկ ամենաչնչին միջամտություն կամ հավելում: Իսկ այս չարաբաստիկ խաչքարերը, որոնք վերջերս սկսել են զանգվածաբար թողարկվել ինչ որ ճարպիկ ինքնուս խաչքարագործի կողմից և արդեն հասցրել են գրավել նույնիսկ Հանրապետության հրապարակի հարակից այգին՝ չափից դուրս գովազդվելով, արժեքազրկում ու խեղաթյուրում են հայ դասական խաչքարագործության իրական նվաճումները, խաթարում խաչքար-երևույթի իրական խորհուրդը…
Հ.Գ. Մի քիչ ավելի մատչելի օրինակ բերեմ. սա նույնն է, եթե ինչ որ մեկը փորձի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նախամուտքը «հարդարել» ինչ-որ ինքնուս նկարչի էժանագին նկարներով:

Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ