Քննարկել են նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը. «Զինված խմբի» գործով նոր մանրամասներ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատաքննությունն այսօր` հուլիսի 21-ին շարունակվել է :
Մեղադրողը հրապարակել է մեղադրական եզրակացությունը: Ըստ մեղադրական եզրակացության պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել նախագահի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանայնը նաեւ պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում:
Արթուր Վարդանյանը ծանոթացել է նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հետ, որը նշել է, որ Հայաստանում միակ ելքը զինված հեղաշրջումն է եւ նրան ծանոթացրել է իր մարտական ընկերների` Վլադիմիր Առաքելյանի եւ Խաչիկ Ավետիսյանի հետ:
Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հանրավությունը, սակայն, այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել:
Զինված խումբը թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:
Բացի մեղադրական եզրակացության հրապարակումից, ամբաստանյալներից Հրաչյա Սարիբեկյանի շահերի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանն եւ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Սիրուշ Աղվանյանն` իրենց պաշտապանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին, որը դատարանը մերժեց:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր: