Հայտնի հոգեբանի մահվան գործով 34-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին բերման է ենթարկվել 1983 թվականին ծնված Հրանտ Հ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Ավելի վաղ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում էր հայտարարվել Հրանտ Հ.-ի նկատմամբ: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թ. ծնված Հ. Համբարձումյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հանձնարարություն էր տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, ժամը 14:45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: Օրեր առաջ արդեն հայտնի դարձավ, որ դանակահարված անձը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հայտնի հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանն է: Վերջինիս դանակահարել են իր հոգեբանական կենտրոնում: Լուսանկարը՝ Shamshyan.com-ի: