ՄԻՊ-ի ներկայացուցիչները՝ այդ թվում բժիշկ-մասնագետը, այցելել են Հրաչյա Հարությունյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:
Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները:
Ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին, տեղափոխվել է Հայաստան՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: