Եթե ինքնորոշման իրավունքը կարևոր չլիներ, Լատվիան այսօր անկախ չէր լինի
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար տարօրինակ ու զավեշտալի է, որ Լատվիանռազմավարական հռչակագիր է կնքում Ադրբեջանի նման ավտորիտար երկրի հետ այն պարագայում, երբ ինքը ԵՄ անդամ է: Այսօր լրագրողների հետ զրույցում Շարմազանովը հիշեցրեց, որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակը հանդիսացող պետությունն է տարածաշրջանում: «Այս երկրում ժողովրդավրական ազատությունները պահպանված չեն, որը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, ոչ թե ժողովրդավարության, որտեղ երկրի նախագահն իր սիրելի տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ: Սա տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների դավանողն է»,-ասաց նա:
Զավեշտալի է նաև նրանց նախագահի ու պառլամենտի խոսնակի հայտարարությունը ԼՂՀ-ի խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ: «Այս հայտարարությունը հակասում է Եվրամիության պաշտոնական հայտարարությանը, որով մշտապես ասվում է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, ինքնորոշման իրավունքով, և այստեղ ինքնորոշման իրավունքի մերժումն անթույլատրելի է»: Դիմելով լատվիացի գործընկերներին՝ Շարմազանովն ասաց.
«Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քանի ինքնորոշման իրավունքը, դուք ո՞նց առանձնացաք խորհրդային միությունից, ինքնորոշման իրավունքը եթե չէր գործում, Լատվիան ո՞նց է հիմա անկախ պետություն, ինքնորոշման իրավունքը հաշվի առնելով: Լատվիացիներին ադա՞թ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և Հայաստանում, և Ռուսաստանում, և Արցախում: Մենք պետք է վերանանք կրկնակի ստանդարտներից»: Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար նա հուշեց լատվիացի գործընկերներին, որ ինքնորոշման իրավունքը եթե չգործեր, այսօր Լատվիան անկախ պետություն չէր լինի, դրա համար չպիտի գնալ կրկնակի ստանդարտների ճանապարհով: