Մենք ձեզանից սպասում ենք գումարների ինտենսիվ մուտք. վարչապետը` Սահակյանին
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությունները տվյալ մարմիններին վերապահելու քաղաքականությանը համահունչ` առաջարկվում է նախապես սահմանված` որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել այն մոտեցումը, որ տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող, 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումներն ընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ:
Ինչ վերաբերում է տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող, մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումների ընդունմանը, ապա այդ լիազորությունն առաջարկվում է վերապահել Պետգույքի կառավարման վարչությանը: Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվի ոչ լիգվիդային անշարժ գույքի վաճառքը՝ արդյունքում կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է, «Այսպիսով մենք ավելացնում ենք պետգույքի կառավարման վարչության ճկունությունն ու ազատության աստիճանը, միևնույն ժամանակ ավելացնում ենք պատասխանատվությունը, ինչի արդյունքում մենք ձեզանից սպասում ենք գումարների ինտենսիվ մուտք»: