Դատարանը կամայական որոշումներ է կայացնում. «Սասնա ծռեր»-ի պաշտպանները բոյկոտում են
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը դահլիճ չեն մտել և հայտարարել են, որ կարգադրիչները փորձում էին իրենց խուզարկել՝ զննության ենթարկելու փոխարեն:
Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիլպարիտ Սիմոնյանը ոչ մի անգամ չի ներկայացել դատարան, խնդրել է փոխել նիստերի ժամանակացույցը, քանի որ այդ օրերին մեկ այլ դատական նիստ ունի:
Դատավորը դահլիճ հրավիրեց ամբաստանյալ Թորոս Թորոսյանին և նրան տեղեկացրեց, որ կարող է փոխելի իր պաշտպանին: Թորոսյանը հրաժարվեց այլ պաշտպանի կամ հանրային պաշտպանի ծառայությունից, սակայն դատավորը որոշում կայացրեց ՝ դիմել Փաստաբանների պալատ, որ հաջորդ դատական նիստին ամբաստանյալ Թորոս Թորոսյանին տրամադրվի մեկ այլ հանրային պաշտպան:
Փաստաբանները նկատեցին, որ դատավորը կամայական որոշումներ է կայացնում:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։