Ուրիխանյանը մտահոգ է պատգամավորների նյարդերի համար
ԱԺ-ին 2011 թվականից պետական բյուջեով հատկացվել է 2 միլիարդ 972 միլիոն դրամ: Կատարողականը կազմել է 99,92 տոկոս: Ծախսերն իրականացվել են հիմնականում հինգ ծրագրերով: Քիչ առաջ այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:
Հիշեցնենք, որ նիստին քննարկվում է “Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, իշխանության պետական եվ դատական մարմիններին հատկացված միջոցների կատարողականները:
ԱԺ նորանշանակ աշխատակազմի ղեկավարին պատգամավորները շատ հարցեր չտվեցին: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, առաջարկեց ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարին, քայլեր ձեռնարկել ԱԺ պատգամավորների աշխատակազմի անդամների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: “Ես գիտեմ, որ կառավարությունը դեմ է պատգամավորների աշխատավարձերի բարձրացմանը, բայց գոնե աշխատող հատվածի` պատգամավորների աշխատակազմերի աշխատավարձերը պետք է բարձրանան, այդպես չի կարելի”,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Իսկ ահա ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանին էլ մտահոգել էր “պատգամավորների նյարդերի պահպանման” ծախսերը: ԲՀԿ խոսնակը , մասնավորապես նկատի ուներ, թե հաշվետու ժամանակահատվածում որքան միջոց է հատկացվել պատգամավորներին օրինակ` տպիչ սարքեր եւ այլ տեխնիկական միջոցներ գնելու համար: “Չեմ հասկանում հատկացվում են, չեն հատկացվում”,-նկատեց Ուրիխանյանը:
Գուրգեն Դումանյանը ի պատասխան Ուրիխանյանի, նշեց, որ 2011-ին ԱԺ նիստերի սպասարկման համար երկու տպիչ սարք է գնվել, հավելյալ ծախսեր հաշվետու ժամանակահատվածում չեն նախատեսվել:
“Քանի որ խոսք գնաց պատգամավորների պահպանություն բառակապակցության մասին, կառաջարկեմ իմ գործընկերներին քննարկել,ն պահպանման տեսակետից ինչ որ գումար հատկացնել հենց ուղիղ պատգամավորին, պատգամավորի հաշվին”,-ԲՀԿ-ական գործընկերոջ հարցն այս առաջարկով լրացրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: