Չէ ախպեր ջան, ինձ դզում ա էս դիզայնը. մենք հո հավ չենք. Ֆիրդուսում լարված է
«Մենք խնդրել ենք, որ այս հարցը հետաձգեք մինչև ամանոր, բայց քաղաքապետարանը մեզ ոչ մի ձևով չի լսում»,-Ֆիրդուսի առևտրականներն ու բնակիչներն այս խոսքերով դիմեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր, ինչպես արդեն հայտնել ենք, փորձում են վաղ առավոտից ապամոնտաժել Ֆիդուսի շուկան: Քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ առևտրականներին դեռ ամիսներ առաջ տեղեկացվել էր, որ շուկան ապամանտաժվելու է:
Ի դեպ, հարակից տարածքում ապրող բնակիչներն էլ են միացել վաճառողներին: Դիմելով քաղաքապետարանի աշխատակցին` քաղաքացիներից մեկն ասաց. «Չենք թողնում, որ քանդեք: բարև ձեզ: Չէ ախպեր ջան, ինձ դզում ա էս դիզայնը, ես էստեղ ցերեկը կոֆե եմ խմում: Իմ տունն ա, էս պալատկեն էլ ինձ հարմար ա, որ մնա, իմ տան վրա հով է լինում»:
Բնակիչները նաև դժգոհեցին, որ առավոտից աղմուկ է տարածքում, իրենք չեն կարողանում քնել:
Իսկ երբ աշխատակիցներն սկսեցին պոկել վրանները, քաղաքացիները կրկին թույլ չտվեցին: Ապա նրանք դժգոհեցին, որ սա «Գլենդել հիլզի» հերթական ծրագիրն է: «Հո հավ չենք, հասկանում ենք ամեն ինչը»,-ասացին նրանք: