Սերժ Սարգսյանը ներե՞ լ է. Հայկական Ժամանակ
տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռեւս 2016 թվականին:
Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք, թե արդյոք Խաչիկյանի դիմե՞լ է ներման խնդրանքով, եւ ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Մեր գրավոր հարցմանը այսօր նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների ներման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են եւ ենթակա չեն պարտադիր հրապարակման: «Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության եւ չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկում են ներման խնդրագրերով դիմված դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասվում է գրավոր հարցման պատասխանի մեջ:
Նախագահականից նաեւ հետաքրքրվել էինք, թե վերջին երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ դատապարտյալի է ներում շնորհել եւ քանիսին՝ մերժել: Ի պատասխան, նախագահականից հայտնել են, որ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մերժվել է 91 դատապարտյալի ներման խնդրագիր:
Թե ովքեր են «ներված» դատապարտյալները եւ արդյոք 11-ի մեջ Վազգեն Խաչիկյանը մտնում է, թե ոչ, այդպես էլ չեն պատասխանել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: