«Հայաստանի արդարադատությունը պետք է փրկել» /տեսանյութ/
«Հունիսի 28-ին Հայաստանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելով՝ ոստիկանության աշխատակիցները ոտնահարել են արդարադատությունը», – այսօր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով հանրային քննարկման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ վերոնշյալ քննարկումը կազմակերպել էր «Բաց հասարակության հիմնադրամը»։
Բանախոսը շեշտեց՝ ցավոք, Հայաստանի արդարադատության նախարարությունը տեսնում է այս ամենը, բայց նույնիսկ չի էլ արձագանքում:
«Մենք պետք է այդ երեւույթի գնահատականը տեսնենք դատական իշխանությունների կողմից։ Հանրային դիտորդական խմբին առհասարակ արգելել են այցելել ամբաստանյալներին։ Պատմության մեջ նման բան չի եղել: Հայաստանի արդարադատությունը պետք է փրկել»,- նշեց Սաքունցը։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին դատական նիստի ընթացքում ոստիկաններից մեկը մեղադրյալ Արեգ Կյուրեղյանին թույլ չի տվել փաստաբանին թղթի վրա գրված ինչ-որ գրություն փոխանցել, այնուհետև ոստիկանների եւ ամբաստանյալների միջեւ վեճ է սկսվել։ Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել են Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին։ Ավելի ուշ Կյուրեղյանի եւ Ավետիսյանի, ինչպես նաեւ երկու մյուս ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտարարել են, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել իրենց պաշտպանյալներին։