2018-ից հետո ՀՀԿ-ի համար պոտենցիալ վարչապետը Սերժ Սարգսյանն է
«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե 2018թ-ին հավանակություն կա արդյոք, որ վարչապետ դառնա:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Արթուր Ղազարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, բնականաբար, նա պատրաստվում է վարչապետ դառնալ: Դրան պատրաստվում է ոչ միայն նա, այլև իր թիմը: Այսօր ՀՀԿ-ում այդ պաշտոնում մեկ այլ թեկնածու չեն տեսնում՝ բացի Սերժ Սարգսյանից»:
Հարցին՝ իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, մի՞թե նա չի կարող 2018-ի ապրիլից հետո էլ վարչապետ լինել, քաղաքագետը պատասխանեց. «Գործող վարչապետը՝ որպես վարչապետի թեկնածու, անցումային փուլում կարողացավ մտնել քաղաքականություն, այդ լարվածությունը փոքր-ինչ մեղմել, բայց նա բոլորի կողմից միանշանակ չի ընկալվում՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետ դառնալու համար, ինչպես որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է ընկալվում», – նշեց քաղաքագետը: