Ո՞վ է առաջինը պսակադրվելու Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում.մանրամասներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանն «Արմենպրես»-ին ասել է, որ եկեղեցին անհրաժեշտություն էր համայնքի համար, որովհետև Եղվարդ քաղաքում գտնվող 14 դարի կառուցված եկեղեցի-մատուռն իր չափերով բավական փոքր էր և չէր կարող բավարարել քաղաքի և տարածաշրջանի հոգևոր կարիքները:
«Այս եկեղեցին համալրեց հոգևոր կառույցների շարքը տարածաշրջանում և վստահ եմ, որ պետք է խթանիչ ուժ հանդիսանա տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու քարոզչության տարածմանը: Ժողովուրդը պետք է ավելի կապված լինի Հայ առաքելական եկեղեցուն՝ շնորհիվ այս եկեղեցու մատուցված արարողությունների, ինչպես նաև եկեղեցուն կից գտնվող կիրակնօրյա դպրոցի, որտեղ հաճախող երեխաները հոգևոր կրթությունը, զարգացվածությունը կստանան այս կառույցում»,- ընդգծել է Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Նա նշել է, որ շինարարությունը տևել է վեց տարի, հիմքը հանդիսացել է եկեղեցում կից գտնվող Սուրբ Սարգիս մատուռը:
Henaran.am-ի տեղեկությունների համաձայն Սուրբ Սարգիս եկեղեցում առաջինը պետք է պսակադրվի Գագիկ Խաչատրյանի դուստրը: