Իմ հանդեպ անօրինականություն է կատարվել. ՍԱՊԾ աշխատակիցը բաց նամակ է հղել վարչապետին
«Հարգելի պարոն վարչապետ,
Ձեզ է գրում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ Նարեկ Նահապետի Մանթաշյանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել եմ քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։
Ինձ հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը։ Մրցույթի արդյունքում Ա․ Թաթոյանը չի հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ես ճանաչվել եմ մրցույթի հաղթող։ Նույն օրը դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ։
Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ և, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով․ որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն։
Ծառայությունում ինձ ընդունեց պետի խորհրդականը և ասաց, որ գործուղում կձևակերպեն մեկ այլ հաստիքի երկու օրվա ընթացքում, երկու օր անց, երբ ես զանգեցի հետաքրքրվեմ՝ արդյոք գործուղում կա, թե ես գնամ աշխատանքի, ինձ ասվեց, որ բյուջեում գումարի խնդիր կա և եթե գործուղում ձևակերպեն, չեն կարող վճարել, ուստի դա հնարավոր չէ։ Սակայն հորդորեցին չգնալ աշխատանքի, պատճառաբանելով՝ խնդիր չի լինի։
Սակայն ես ներկայացա աշխատանքի և երբ այդ մասին իմացան ծառայությունում, կտրուկ լարվեցին հարաբերությունները իմ և ծառայության պետի խորհրդականի, որը ղեկավարում է սահմանային կետերի գործունեությունը։ Առ այսօր ինձ չի տրվել իմ աշխատանքային կնիքը և պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար Մալբերի համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը։
Ես բազմիցս զանգել եմ համապատասխան կադրերի բաժին գաղտնաբառի և մուտքանվան համար, սակայն ինձ պատասխանել են, որ ներքին կարգով արգելվել է ինձ տրամադրել աշխատանքային անհրաժեշտ գործիքները։ Քաղաքացիական ծառայության օրենքին համապատասխան քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճանը տրվում է փորձաշրջանի ավարտվելուց հետո եռօրյա ժամկետում, ինձ աշխատանքի ընդունելու հրամանում տրվել էր մեկ ամիս փորձաշրջան, հետևաբար առավելագույնը հուլիսի 4-ին պետք է տրվեր համապատասխան դասային աստիճանը, որը մինչ այսօր չի տրվել։
Հուլիսի 4-ին Սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան» ՍՀԿ միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը արձակուրդի դիմում է ներկայացրել, որից հետո նրան կանչել են Երևան և դիմումում ավելացրել, որ նա իր կնիքը հանձնի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Է․ Ծառուկյանին, նշեմ, որ այդ դեպքում Գոգավանի մաքսակետով ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները չէին կարող ստանալ սերտիֆիկատ։ Հաշվի առնելով գյուղմթերքների ակտիվ արտահանման ժամանակաշրջանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մրգերով բեռնված մեքենան չի կարող օրերով կանգնել սահմանում, մինչև գնան Երևան սերտիֆիկատ ստանալու, ես իմ մտահոգության վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։
Զեկուցագիր ներկայացնելուս հաջորդ օրը կադրերի բաժնից ինձ կանչել են Երևան և ասել, որ զեկուցագիր գրելու, ինչպես նաև աշխատանքի ներկայանալու համար ղեկավարությունից ասել են, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես հրաժարվել եմ՝ ասելով, որ չեմ պատրաստվում իմ աշխատանքից դուրս գամ, քանի որ աշխատանքային պրոցեսում ես խնդիրներ և բացթողումներ չունեմ։ Ինձ ասվեց, որ հակառակ դեպքում իմ նախկին գրված դիմումը կդնեն շրջանառության մեջ, իսկ ես պատասխանեցի, որ դիմումս առանց ամսաթվի է և անցել է մեկ ու կես ամիս և օրենքով չեն կարող առանց ինձ դիմումս դնել շրջանառության մեջ։
Հուլիսի 9-ին վատառողջ լինելու պատճառով դիմել եմ Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց, և ինձ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և բացվել անաշխատունակության թերթիկ։
Հուլիսի 12-ին ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ ես ազատվել եմ աշխատանքից սեփական դիմումիս համաձայն։
Ցանկանում եմ նշել, որ ես լինելով վատառողջ, չեմ գրել և չէի էլ կարող գրել դիմում և ներկայացնել Ծառայություն։
Վերոգրյալի արդյունքում խնդրում եմ Ձեր միջամտությունը իմ հանդեպ կատարված անօրինականությունը պարզելու, ինչպես նաև իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու կապակցությամբ։
Շնորհակալություն»։