28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի քանի րոպե անջատվենք հոգսերից, ցրվենք. ինչու հենց հնդկական սերիալներ

Henaran.am-ը զրուցում է հոգեբան Անի Ենգիբարյանի հետ՝ պարզելու, թե ինչու են մարդիկ սիրում հեռուստասերիալներ նայել, ինչն է գրավում, և ինչու հայերի համար այդքան սիրելի դարձան հնդկական սերիալները:

-Ի՞նչ եք կարծում, ինչու են մարդիկ ընդհանրապես սիրում սերիալներ նայել:

-Նախ սկսենք նրանից, որ ֆիլմերն ունեն մարդու պահանջմունքները բավարարելու և նաև որոշակի առումով սեփական մտքերը կինոդրվագներում նույնականացնելու գործընթաց: Այսինքն ֆիլմը մի կողմից կյանքի նույնականացման էֆֆեկտ է առաջ բերում, որով մարդ փորձում է կամ ներքին բավարարվածության հասնել, կամ պարզապես ապրել այդ իրավիճակային զգացումները:

Սերիալների ազդեցությունն այս դեպքում շատ ավելի երկար է և այն միշտ թողնում է հարցակններ, որոնք անհարաժեշտություն են ստեղծում մարդու մեջ հետևել հերթական իրավիճակների զարգացմանը:

Իսկ առավել հիմնավոր հարցն այն է, որ մեզանում խնդիրների շարքը և կյանքի հանդեպ բավարարվածության մակարդակը բավականին ցածր մակարդակում են գտնվում: Մարդիկ զբաղեցնում են սեփական միտքը, որպեսզի որոշակի ժամանակահատվածում հուզական այլ աշխարհ տեղափոխվեն: Ես այն կոչում եմ մտքի բթացում: Եթե նկատել ե,ք սերիալ նայող մարդու ամենատարածված արտահայտությունը հետևյալն է. «մի քանի րոպե անջատվենք հոգսերից, ցրվենք…»:

Շատ լավ, իսկ ինչո՞ւ հենց հնդկական սերիալներն այսքան սիրված դարձան, չէ՞ որ ժամանակին բրազիլիական սերիալներ էլ են ցուցադրվել կամ արգենտինական, սիրվել են, բայց ոչ այսքան, հոգեհարազատ բան կա՞ր, թե ՞ ինչ:

-Մենք դեռ սովետական ժամանակաշրջանից եղել ենք հնդկական մշակույթի սիրահար: Նախկինում ևս հնդկական ֆիլմերը եղել են ուշադրության կենտրոնում: Մշակութային առումով ազգերի մոտ կան որոշակի ընդհանուր գծեր, որոնք ստեղծում են միմյանց մոտ գտնվելու հոգեվիճակը: Դա կարող է լինել արժեքային համակարգի նմանությունը, ավանդույթների, ծեսերի ընդհանրությունը: Հնդկական սերիալների արդիականությունը և տարածվածությունն այսօր իր հիմնավորումն ունի նրանով, որ մարդկանց մոտ նախկինի վերհուշն է արթնացրել, իսկ մյուս կողմից կա կյանքի իրավիճակների և խնդիրների նույնություն, որը նորից տանում է նույնականացման հոգեվիճակին: Այսինքն` հնդկական սերիալը դարձել է կյանքի իրավիճակային արտացոլանք: Էկրանից մարդը հաճախակիորեն է տեսնում իր կյանքի իրավիճակները, որոնք առավել հաճախակի ցուցադրվում են հնդկական սերիալներում, քան բրազիլիական:

Հնարավո՞ր համարում եք տարբերակը, որ մարդկանց կյանքն այնքան խնդիրներով լի է, որ այն, ինչ կցանկանային ապրել, չգիտեմ` հեշտ կյանք , որ նկարագրված է սերիալներում, հենց հնդկականում, մարդիկ փորձում են հենց դրանցում գտնել:

-Երբ են մարդիկ կինո դիտում կամ թատրոն գնում. այն ժամանակ, երբ անելիք չունեն, ու հարկավոր է լրացնել այդ բաց ժամը հուզական նոր էներգիա ստանալով: Սովորաբար Եվրոպական երկրներում սերիալներ չեն դիտում, քանի որ մարդկանց կյանքը լցված է տարբեր գործերով, զբաղվածությամբ: Մեզ մոտ զբաղվածության մակարդակը ցածր է: Մարդն անելիք չունի, ու իր օրվա կարևոր մասը դառնում է սերիալ դիտելը, այսինքն նա ներքին չբավարավածությունը լրացնում է այդ մեկ ժամը՝ իր համար կարևոր գործ անելով:

Տեսակետ կա, որ այս սերիալները ցուցադրվում են` ուղղակի հասարակությանը բթացնելու համար, որպեսզի զերծ մնան քաղաքական և այլ անցուադարձից, կարո՞ղ է լինել նման բան:

-Ինչպես արդեն նշեցի, սերիալն իր ազդեցությունն ունի հոգեկան աշխարհի վրա, և դա տեղի է ունենում առաջնահերթ մտքերի փոփոխության միջոցով: Ինչ-որ բան տեսնելուց հետո միտքը սկսում է գործել այդ ուղղությամբ և հետևապես առաջացնել համապատասխան հուզական ապրումներ: Հետևաբար, սերիալի ազդեցությունը երկարաժամկետ է, տևական: Դա մտքի և հուզական աշխարհի բթացմանն ուղղված լավագույն տարբերակներից մեկն է, որով կարելի է ազդել մարդու վրա: Դրանով փոխվում է նաև մարդու կյանքի որակը, իր առօրյան դառնում է սերիալ, քանի որ դիտելուց հետո մարդիկ դրա ազդեցության ներքո են մինչև հաջորդ սերիայի ցուցադրությունը:

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ