Ո՞րն է տրամաբանությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողովին ներկայացված Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի նախագծի քննության ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի բարձրացման ժամանակ պետք է հաշվի առնել՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով ընտրված լինելը: ”Մեծամասնական ընտրակարգով ընտրվածի ծանրաբեռվածությունն այլ է, խոսքը պարտականությունների պատշաճ կատարման մասին է, որն այս դեպքում ավելի մեծ է, հետևաբար՝ եթե տարբեր մոտեցումներ են կիրառվելու, առավել քան ակնհայտ է, որ նրանց ծանրաբեռնվածությունը ևս ենթակա է հաշվառման”,- նշեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ երկու ընտրակարգերի աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ կան տարբերություններ, և եթե ԱԺ-ն նպատակահարմար գտնի, կսահմանի այդ տարբերությունները նաև աշխատավարձի դեպքում: ՛՛Եթե Ազգային ժողովը նպատակահարմար գտնի այս օրենքում զետեղել այդ տարբերությունը, մենք պատրաստ ենք, բայց մեր դիրքորոշումն այդ տարբերությունը չներառելն է՛՛:
Գաբրիելյանը նշեց, որ օրենքի նախագծում հնարավորինս ամեն ինչ հաշվի են առել, կարծում են՝ ազդեցությունը մասնավոր հատվածի վրա մրցակցության տեսակետից քիչ թե շատ կլինի: Նրա խոսքով՝ որևէ կոնկրետ առանձին պատգամավորի կամ նախարարի աշխատանք միմյանց հետ չի համադրվել, ամեն ինչ ընդհանուր հաշվարկներով է եղել:
Արձագանքելով Ֆարմանյանը պարզաբանեց, թե մասավոր հատվածի տրամաբանությունը ենթադրում է, որ աշխատավարձեր են բարձրացնում այն դեպքում, երբ մարդը լավ է աշխատում։ ՛՛Իսկ այս պարագայում գիտենք, որ մենք վատ ենք աշխատում, այսինքն խոսքը մեր բոլորի մասին է, ես ուզում եմ լսել տրամաբանությունը՛՛,-նշեց նա։