Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում
«Ես Հայաստանում ապրում եմ 15 տարի, և ես այնպիսի ընթացք չեմ հիշում, որ հեղափոխություն չառաջարկվի, ուղղակի չեմ հիշում մի ընթացք, որ այնպիսի խոսքեր, որ վաղը հեղափոխություն կլինի, չլինի»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով ընդդիմադիրների հայտարարություններից, թե հեղափոխություն են անելու, աշնանը ցնցումներ են լինելու:
Ըստ քաղաքագետի` պետք է ուշադրություն դարձնել ոչ թե խոսքերին, այլ նրան, թե ինչ ռեսուրսներ են պետք: «Հեղափոխությունը տեխնոլոգիա է, ռազմավարություն, լիդերություն, գաղափարախոսություն, մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ, հասկանալ, թե ինչ է կատարվում»,-նշեց նա:
Բացի այդ, քաղաքագետի խոսքով, 50 հազար մարդ գոնե պիտի փողոց դուրս գա, որպեսզի հեղափոխության մասին լուրջ խոսակցություններ լինեն:
«Հիմքեր, որ կան քաղաքական ուժեր, որ դա կազմակերպեն, ես չեմ տեսնում, այդ պատճառով էլ սովորական դիսկուրս է»:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն այս հայտարարությունն անում են` նշելով, որ «թավշյա» հեղափոխություն կլինի այն դեպքում, եթե նախագահ Սարգսյանը լինի վարչապետ, Ալեքսանդր Իսկանդարյանն արձագանքեց, թե կարևոր չէ, թե ընդդիմությունը կողմ, թե դեմ է դրան, քանի որ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: «Ես չեմ բացառում դա, բայց դրա հավանականությունը մեծ չեմ համարում: Կա ավելի հավանական սցենար, ու տարբերակներ կան, ապրիլից հետո, միևնույն է, լինելու է տարբեր ընթացք, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, ու ինչ պաշտոնանկություններ կլինեն: Ես մտածում եմ, որ իրենք ևս չգիտեն, թե ինչ ձևով է տեղի ունենալու, հիմա հայտարարվել է կաստինգ ՀՀԿ-ի ներսում տարբեր լոբինգների, հիմա ամենակարևորը դա է, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ում»: