Նորից սանցիա կկիրառեմ. դատավորը բարկացավ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվում է նախազգուշական սանկցիա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձեց հասկանալ որ օրենքին հղում անելով է դատավորը սանկցիա կիրառում:
Դատավորը բարկացավ և նշեց, որ նորից խորհրդակցական սենյակ է գնում նոր սանկցիայի մասին որոշում կայացնելու համար:
Դատավորը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ սանկցիա կիրառելու:
Նշենք, որ նիստին մասնակցում են միայն երեք ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։