«Չխոսեք՝ ամբաստանյալ Լուսինե Սահակյան».դատավորը՝ փաստաբանին /տեսանյութ/
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը դատի մեկնարկին ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդհատեց, ասելով որ միջնորդության ժամանակը չէ:
Փաստաբանը շարունակեց պարզաբանել իր իրավունքը:
«Ես Ձեզ թույլ չեմ տալիս խոսել ամբաստանյալ Լուսինե Սահակյան» , -շփոթվեց դատավորը: Դատավորի արտահայտությունը բուռն արձագանք գտավ դահլիճի կողմից:
Դատավորը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ սանկցիա կիրառելու:
Նշենք, որ նիստին մասնակցում են միայն երեք ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։
Մանրամասները՝ տեսանյութում: