Ամբաստանյալը «խաղում» է հեռախոսով. փաստաբանը բռնկվեց
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում թեժ բանավեճ եղավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի միջև:
Դատավորը նկատեց, որ ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը հեռախոսով «խաղում» է և պահանջեց փաստաբանից նրանից վերցնել հեռախոսը:
Պաշտպանը ասաց, որ չի վերցնելու պաշտպանյալից իրեն պատկանող հեռախոսը, քանի որ այն հանդիսանում է իր և իր պաշտպանյալի կապի միջոց, որտեղ փոխադարձ գրառումներ են անում:
Դատավորը ասաց, որ պետք է թուղթ և գրիչ օգտագործեն և պաշտպանից պահանջեց, որ լռի և վերցնի հեռախոսը, այլապես սանկցիա կկիրառվի:
«Դարն առաջ է անցել հարգելի դատարան: Ձեր սանկցիաներից էլ չեմ վախենում»,-եզրափակեց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին: