Միայնակ գայլը դահլիճ չի բերվել. «Ծռերի» դատը թեժ է /տեսանյութ/
Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը:
Ընդմիջումից հետո ամբաստանյալները դահլիճ բերվեցին: Դահլիճ չեն բերվել միայն ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) և Գագիկ Եղիազարյանը:
Դահլիճում է նաև ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը, ով մորաքրոջ հուզված բացականչություններին, արձագանքեց ձեռքով լավ լինելու նշան անելով:
Արդեն հայտնել ենք, որ դատից առաջ ամբաստանյալի համար «Շտապ օգնություն» էր կանչվել:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հարց տվեց դատավորին, թե որտեղ է իր պաշտպանյալը: Դատավորը նշեց, որ նախորդ նիստին նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել, և նա գտնվում է դատարանի համապատասխան սենյակում՝ մինչև սանկցիայի ժամկետը լրանալը:
Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց, թե ամբաստանյալներին շարունակում է ուղեկցել այն փոխգնդապետը, որը ամբաստանյալների վրա բռնի ուժ է կիրառել և խոշտանգել. «Գուցե հիմա՞ էլ խոշտանգում է Խանդոյանին»,- հարց բարձրացրեց պաշտպանը:
Դատավորը նկատեց, որ խոշտանգման առիթով քրեական գործ է հարուցվել և դեռ ընթացքի մեջ է: Ամբաստանյալների մյուս պաշտպաններն էլ միացան միջնորդությանը և պահանջեցին փոխգնդապետ Ղազարյանին արգելել մոտենալ ամբաստանյալներին:
Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն :
Մանրամասները` տեսանյութում: