Կառավարությունից շնորհակալություն չհայտնելը առնվազն բարոյական չէ. Արարատի մարզպետ
Խորհրդարանում շարունակվում է 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եվ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետներն են ներկայացնում տարեկան հաշվետվությունները:
Նիստն, ի դեպ, բավականին ակտիվ է անցնում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է մարզպետներին հարցեր ուղղում: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվում է, թե մարզերում որքա՞ն է կազմում առաջին դասարանցիների թվաքանակը, նվազել է, թե աճել , մարզի մշակույթի տներին հատկացվող միջոցներն ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել, որքա՞ն է այդ օջախներ հաճախելիությունը եւ այլն:
Այս հարցերի շարանը Նիկոլ Փաշինյանն ուղղեց առաջինը զեկույցը ներկայացրած Արագածոտնի փոխմարզպետ Սարգիս Սահակյանին: Վարջինս հստակ պատասխան չտվեց` նշելով, թե հարցերն այնքան շատ էին, որ չհասցրեց ամբողջությամբ լսել: Իր հարցերի պատասխաններն անձամբ տեղում ստանալու համար Նիկոլ Փաշինյանին Արագածոտնի մարզպետը հրավիրեց մարզ:
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ ԱԺ ամբիոնից մարզի բյուջեի կատարողականը ներկայացնելուց առաջ նախ կառավարությանը շնորհակալություն հայտնեց հատկացումների համար: “Այս պայմաններում շնորհակալություն չհայտնելը առնվազն բարոյական չէ”,-հայտարարեց նա ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե կառավարությանը շնորհակալություն հայտնելու փոխարեն պարոն Բարսեղյանը լավ կլիներ հարկատուներից շնորհակալ լիներ այն գումարների համար, որոնք այդքան արդյունավետ ծախսում են:
Էդիկ Բարսեղյանից եւս Փաշինյանը խնդրեց ներկայացնել դպրոցների մանկապարտեզների այցելությունների թվի դինամիկան: Արարատի մարզպետը հայտարարեց, որ մարզում չկա դպրոց, որտեղ առաջին դասարան չլինի կամ առաջին դասարանցիների թիվը նվազի: Մարզպետի խոսքով, կառավարության տրամադրած միջոցներով ապահովվել է մի շարք մանկապարտեզների եւ դպրոցների ջեռուցման խնդիրը:
“Ես ուզում եմ հայտարարել, 2000-2004թթ /այդ տարիներին Բարսեղյանը Սյունիքի մարզպետն էր-խմբ./մեզ տրամադրել են 75 միլիոն դրամ, իսկ այսօր մենք ստանում ենք 2 միլիարդ վեց հարյուր միլիոն դրամ եւ մարզպետը շնորհակալություն չհայտնի՞: Ես դա չեմ ընդունում”,-հայտարարեց Արարատի մարզպետը:
Ի դեպ, նկատենք, որ առաջին երկու հաշվետվություններին հաջորդած հարցերը լսելուն պես, դեռեւս իրենց բաժին հաշվետվությունը չներկայացրած մի քանի մարզպետների օգնականներ հեռախոսազանգերի միջոցով սկսեցին ճշտել ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրող տվյալները: