27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պռոստը անթույլատրելի ա»՝ անխնա թալան. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 8-ի կառավարության նիստում շատ կոպիտ արտահայտվեց Զվարթնոց օդանավակայանից Հանրապետության տարբեր վայրեր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների մասին՝ ասելով, որ տաքսու վարորդներն «անթրաշ են», «չստիկներ հագած» եւ «սիգարետը բերաններին»: «Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարել էր վարչապետը:

Այս ելույթից անցել է արդեն մեկ ամիս, եւ ինչ պատկեր կա այդ ոլորտում: Կառավարության հիշյալ նիստից անմիջապես հետո տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Զվարթնոց օդանավակայան գործելու է կանոնավոր միկրովտոբուսային երթուղի, որն արժենալու է ընդամենը 300 դրամ: Օրեր անց այդ երթուղին սկսեց գործել յուրաքանչյուր ժամը մեկ: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է այլընտրանքային տաքսի ընկերություններ գործեն օդանավակայանի տարածքից: «Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները»,- ասված էր նախարարության լրատվականի տարածած հայտարարության մեջ:

Որքան էլ զարմանալի թվա, բայց տաքսիների առատությամբ աչքի ընկնող Հայաստանի պարագայում Զվարթնոցի տարածքում տաքսի ծառայության մենաշնորհ կա: «Աէրոպորտ Սերվիս»-ը հանդիսանում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի ծառայությունը: Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքում այսպես է ձեւակերպված տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության մասին տեղեկատվությունը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, հիմնադիրն է Արգեն Գեղամյանը, որի մասնակցությունը, սակայն դադարեցված է:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ է արվել ուղեւորափոխադրման սակագների եւ այլ տաքսի ծառայությունների մուտքը Զվարթնոցի տարածք բացելու համար: Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը փոխանցեց, որ հարցերին կպատասխանեն առաջիկայում:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ին տրված է բացառիկ իրավունք իր մեքենաները կայանել հենց օդանավակայանի ժամանման եւ մեկնման կետերին հարող տարածքներում: Այսինքն՝ Հայաստան ժամանող ցանկացած ոք առաջին բանը, որ տեսնում է օդանավակայանից դուրս գալուց դրանք այս ընկերության տաքսիներն են: Տաքսի ծառայություն մատուցող այլ ըnկերությունները կամ անհատ տաքսու վարորդները իրավունք չունեն իրենց մեքենաները կայանելու հենց այս վայրում:

Մեկ այլ խնդիր է սակագինը, գովազդային վահանակների քանակը: Իհարկե, կդժվարանանք հաշվել, թե քանի գովազդային վահանակ ունի «Աէրոպորտ Սերվիս»-ը, որոնց քանակը խնդրահարույց էր համարել նախարար Վահան Մարտիրոսյանը, սակայն կարող ենք արձանագրել ուղեւորափոխադրման ֆիքսված արժեքները:

Զվարթնոց օդանավակայանի շենքից մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածի ընդհանուր հեռավորությունը 11 կիլոմետր 300 մետր է: Նշված ճանապարհահատվածի սակագինը չպետք է գերազանցի 1200 դրամը, սակայն ե՛ւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն, ե՛ւ այլ փոխադրողները Երեւանից Զվարթնոց ուղեւոր են տեղափոխում սկսած 2000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմանաչափը: Այսինքն՝ 4 անգամ ավելի թանկ սակագնով, քան կարող էր լինել իրականում: Իսկ Զվարթնոցից Երեւան փոխադրման մենաշնորհը քանի որ պատկանում է նշված տաքսի ծառայությանը, ապա այդ հասույթը միայն նրան է բաժին հասնում: «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն աստղաբաշխական սակագներ է սահմանել զբոսաշրջային երթուղիների համար: Մինչեւ Ստեփանակերտ, օրինակ, սահմանված է առնվազն 70 հազար դրամ այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ կարելի է հասնել ընդամենը 40 հազար դրամին մոտ գումարով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ