«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդունում է, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են լավ կազմակերպված»

Ինչպես հայտնել ենք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ամփոփիչ զեկույց՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ընդհանուր առմամբ՝ ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները ու թեկնածուները կարողացել են ընտրապայքարն իրականացնել առանց սահմանափակումների։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած ամփոփիչ զեկույց՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, հավասարակշռված էր: Ես դրական եմ համարում այդ զեկույցը, որովհետև այս զեկույցում հիմնականում վերահաստատվում է այն նախնական գնահատականը, որ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, քայլ առաջ էին տանում և համապատասխանում էին ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին:
Որպեսզի իմ խոսքն, այսպես ասած՝ չլինի օդում, ես մեջբերեմ, թե ինչ է ասվում զեկույցում. «Վերահաստատելով դեռ նախնական զեկույցի ժամանակ իրենց հնչեցրած դրական գնահատականներն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները, իսկ ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ»: Այսինքն՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդունում է, որ ՀՀ-ում ընտրությունները եղել են լավ կազմակերպված և պահպանվել են հիմնարար ազատությունները. ամենակարևորը սա է: Բնականաբար, կան նաև թերություններ՝ վարչական ռեսուրսի կիրառման, ձայների գնման և այլ դեպքերի հետ կապված: Բայց, հաճախ որոշ ԶԼՄ-ներ կարևորը թողած՝ երկրորդականի մասին են խոսում: Սա նման է ֆոտբոլային խաղի, երբ հաղթում են 5-4 հաշվով, բայց ասեն ոչ թե այդպես, այլ նշեն, 4 գոլ բաց ենք թողել և միայն վերջում ասեն՝ 5 գոլ են խփել. ամենասկզբում հարկավոր է ամենաէականը ասել: Իսկ այս պարագայում ամենաէականն այն է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հիմնականում պահպանված էին»:
Շարմազանովը շեշտեց՝ բոլոր խոսակցությունները, ելույթները այն մասին, թե ընտրությունները լեգիտիմ չէին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած ամփոփիչ զեկույցից հետո ի չիք են դառնում, քանի որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների հետ կապված՝ ամենամասնագիտացված կառույցն է ու նրա տված գնահատականը շատ կարևոր է: Իսկ իշխանությունները ընդունում են բոլոր դիտողությունները և պատրաստակամ են դրանք ընթացքում շտկել: