Բաքվի դիվանագետները Բարձրյալին համոզել են Ադամին եւ Եվային սպառողական նվազագույն զամբյուղով ապահովելու մասին. Աշոտյան
«Անթաքույց հաճույքով ընթերցեցի Ադրբեջանի ԱԳ նախարարի գրառումները Ադրբեջանի դիվանագիտական ծառայության աշխատողների տոնի առիթով: Հրապարակախոսական այս գլուխգործոցը Ադրբեջանի Հանրապետության փառապանծ պատմագրության ուղղակի շարունակությունն է, որը միջազգային հանրության համար բացահայտում է այն սրբազան դերը, որը ադրբեջանցիները խաղացել են մարդկության պատմության մեջ»:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին կապերի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
«Նախարարն, իհարկե, համեստություն է դրսեւորել: Ընդարձակ տեքստում տեղ չի գտնվել ադրբեջանական դիվանագիտության այնպիսի սխրանքների համար, ինչպիսին է Կրոմանյոնյան մարդկանց եւ նեանդերթալացիների միջեւ չհարձակման պայմանագիրը, ադրբեջանցիների ավանդը Համաշխարհային ջրհեղեղի հետաձգման գործում բամբակի առատ բերքի պատճառով, Հին Բաքվի միությունը Սպարտայի հետ Պելեպոնեսյան պատերազմի ժամանակ, Հռոմի փրկության հարցում ադրբեջանական սագերի դերը, Կարմիր եւ սպիտակ վարդերի պատերազմում միջնորդությունը` ծաղիկների համաշխարհային գների պահպանման նպատակով եւ, իհարկե, իսպանական ու պորտուգալական գահերի միջեւ հակամարտության կարգավորման մեջ լոլիկային դիվանագիտության հնարավորությունները:
Վերջում, որպեսզի ոչ ոք չկասկածի, որ ադրբեջանական դիվանագիտությունը հազարամյա պատմություն ունի, անհրաժեշտ էր ընդգծել, որ հենց Բաքվի դիվանագետներն են Բարձրյալին համոզել Ադամին եւ Եվային սպառողական նվազագույն զամբյուղով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովել:
Զարմանալի ոչինչ չկա, որ պատմական բարձունքի նման գրավիչ ոգու հետ ադրբեջանական դիվանագիտության ընթացիկ խնդիրներն ընդամենը մանրուք են: Բայց եթե շատ ու շատ երկար նստեն Կասպից ծովի ափին` մոգոնելով գոյություն չունեող նախահայրերի նորանոր գոծեր, ապա կարելի է նկատել, թե ինչպես է ինչ-որ մեկն աննկատ կողքիդ նստել»,- գրել է Արմեն Աշոտյանը: