Հանձնարարվել է ապահովել անխափան ջրամատակարարում
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով վերջին շրջանում ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել հարցն ու ապահովել անխափան ջրամատակարարում:
«Վերջին 5-6 տարիներին վարչական շրջանների մեծ մասում հաջողվել է հասնել 24-ժամյա ջրամատակարարման ապահովմանը: Սակայն այսօր ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, որոշ վարչական շրջաններում նկատվում են ժամանակացույցի խախտման և ջրանջատման դեպքեր: Սա ուղղակի անընդունելի է: Եթե տվյալ վարչական շրջանում հասել ենք 24-ժամյա ջրամատակարարման, ապա պարտավոր ենք պահել այդ ժամանակացույցը ևձ գտել, որպեզի մյուս վարչական շրջաններում ևս նման ցուցանիշ ունենանք, այլ ոչ թե հետընթաց գրանցենք»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել նաև ջրի անհրաժեշտ ճնշումն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետն անդրադարձել է նաև «Վեոլյա Ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում փորված խրամուղիների պատշաճ վերականգնման խնդրին՝ նկատելով, որ նախկինում կատարված աշխատանքներից հետո ասֆալտբետոնյա ծածկի վերականգնումն արվել է ոչ պատշաճ և առկա թերացումներն անհրաժեշտ է կարճ ժամանակում վերացնել: Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել ինչպես այդ, այնպես էլ այսօր իրականացվող աշխատանքների պատշաճ կատարումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն