Պոպուլիզմով չեմ զբաղվելու. ընդդիմությունն ու իշխանությունը գոհ են
Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ-ի հաշվետվության քննարկմանը խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթով: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասաց՝ ՄԻՊ-ի աշխատանքը ոչ թե պետք է գովել, այլ ի կատար ածել: «ՄԻՊ-ը կարող է հաջողել, եթե պետական համակարգն ադեկվատ է արձագանքում հայտնաբերած խախտումներին:
Հետևում եմ պաշտպանի գործունեությանը և ասեմ, որ ձայն չեմ տվել ժամանակին, բայց հիմա եթե քվեարկելու լիներ, ես անպայման կքվեարկեի պարոն Թաթոյանի օգտին»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունը պետք է կատարի ՄԻՊ պահանջները, իսկ ընդդիմության պարագայում պահանջի, որ ասեն, թե որ մարմիններն են դրանք անտեսում: Մարուքյանը հույս հայտնեց, որ այս անգամ ՄԻ պաշտպանն իր ամբողջական ժամկետով կաշխատի: «Մաղթում եմ հաջողություններ ձեր գործում, իմացեք՝ խորհրդարանում աջակցություն եք ունենալու՝ ձեր բացահայտումներն ի կատար ածելու համար»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զհրաբյանըն այսպես սկսեց. «Լավ է, որ օմբուդսմենի և խորհրդարանի աշխատանքը ստացվեց»: Սակայն վատ է, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մնալ վատ, որոշ ոլորտներում՝ շատ վատ:
ՀՀԿ-ի անունից խոսեց Հրայր Թովմասյանը և խոստովանեց, թե այլ ելույթ էր պատրաստել, բայց դրական ելույթներ լսելով՝ մտափոխվեց: «Դրանից ուրախ եմ: Այսօր շեշտադրումները փոխվել են, բոլորը հոգու խորքում գոհ են, երբ օբյեկտիվ ես, հավասարապես քննադատում ես և իշխանությանը, և ընդդիմությանը, և նրան, ով տուժած անձ է՝ լինի ոստիկան, թե ոստիկանի գործողություններից տուժած, որովհետև քաղաքացի է, դահլիճում սուր քննադատությունները, հարձակումները փոքրանում են: Շնորհակալություն, որ կարողացաք նման զեկույց ներկայացնել, շահերը համադրել ու ներկայացնել ճիշտ զեկույց: Վստահ եմ, որ նույն կերպ էլ կանեք առաջիկայում»,-ասաց նա:
Իր ամփոփիչ ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց նման գնահատականների, առաջարկների համար: «Աշխատանքս կատարում եմ օբյեկտիվ և անաչառ, պոպուլիզմով ինքս երբեք չեմ զբաղվելու, գնահատկաններս պրոֆեսիոնալ են, ինձ համար առաջնայինն իրավունքի պաշտպանության հարցն է»,-նկատեց նա: